ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստ են ԵԽԽՎ-ում իրենց տեղը զիջել Օսկանյանին

7

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ՝ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը.

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, և մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, և մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։ Մեզանից, որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք։

Ավելին, ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»։