Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք Հադրութում

17

ԼՂՀ Հադրութ քաղաքի մշակույթի տան դիմացի հրապարակում փետրվարի 12-ին տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք, որի ժամանակ առջև ելույթ են ունեցել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, ովքեր ընդգծել են միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Ինչպես ասված է «Նախախորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ` հանրահավաքը վարել է շարժման առաջամարտիկ, «Նախախորհրդարանի» անդամ Էմիլ Աբրահամյանը, ով ներկայացրել է 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 12-ին Հադրութից մեկնարկած Արցախյան շարժման հերոսական ուղին, ինչպես նաև ներկայումս Հայաստանում (ներառյալ Արցախը) առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական հիմնախնդիրները:

Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունել «Նախախորհրդարանի» ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սահմանադրական Արցախ» շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը և Գրիգորի Հայրապետյանը:

Նրանք կարևորել են հայության առջև ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը և նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն կա: Նա հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս մեր ժողովուրդը հասնելու է հաղթանակի:

Հանրահավաքի ընթացքում հրապարակվել է «Նախախորհրդարանի» և «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը, որը նրանց ներկայացուցիչներն ընդունել էին 2013թ. փետրվարի 11-12-ին Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում։

Օրվա երկրորդ կեսին Շուշիի երաժշտական դպրոցում կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի ընթացքում «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը: