Արցախի ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ-ին

4

Երեկ որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը` նշելով, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որեւէ հասարակության, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Նա ընդգծել է, որ արդեն 5-րդ անգամ անցկացված ընտրությունները ԼՂ-ում վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռեւս անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ՏԻՄ ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

ՄԱԿ-ի պաշտոնական գրությունում ներառված Արցախի ԱԳՆ հայտարարությունն իր հերթին շեշտում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետեւողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը, եւ հիշեցնում Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: