Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Նախարար Նալբանդյանը հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը:
Կողմերն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշեցին բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների ընթացքում երկուստեք շեշտվեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Իսկ ասուլիսի ժամանակ Ֆյուլեն լուրջ մտահոգություն հայտնեց երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավելեց, որ կեղմերը պետք է հասկանան, որ զինված ուժերով հարցը չի լուծվի:
Հավելենք, որ ապրիլի 28-ին ժամը 16:15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել էր: