Այսօր աշխատանքից ազատվել են Հայկական ատոմակայանի 160 աշխատակիցները, ովքեր ազատման դիմումներ էին գրել: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում: Երեկ այս աշխատակիցները հանդիպել էին ՀԱԷԿ տնօրինության հետ, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել:
160 աշխատակիցների ազատումը դժգոհություն է առաջացրել ՀԱԷԿ մյուս աշխատողների մոտ, որոնք ստիպված են լինելու աշխատել երկու հերթափոխով, մինչեւ գտնվեն փոխարինողներ: Իսկ այս ոլորտի մասնագետներին պատրաստելու համար անհրաժեշտ է առնվազն երկու տարի:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունն էլ Ազատ Ձայնի հարցին, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը այս հարցի վերաբերյալ, նշեց, որ «Այդ 160 աշխատակիցները Ատոմակայանի տնօրենի հետ բանակցում են, դեռ չգիտենք ինչ արդյունք կլինի, համենայն դեպս դեռ որևէ կոնկրետ բան չկա» : Իսկ արդյո՞ք նախարարությունը միջամտում է. «ՀԱԷԿ-ը մեր նախարարությանը պատկանող հիմնարկ է, այսինքն տնօրենն էլ մեր աշխատակիցն է» :













