Ավտովթարից 4 հոգի տուժել է

8

Այսօր գիշեր` ժամը 01.16-ին Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱՍ Կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի և «ԲՄՎ իքս-5» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: