Սերբիան եւ Կոսովոն անցած շաբաթ օրը համաձայնագիր են կնքել, որով թույլատրվում է Սերբիայի սահմանը հատել Կոսովոյի փաստաթղթերով, ինչպես նաեւ փոխադարձաբար ճանաչվում են անշարժ գույքի փաստաթղթերը եւ կրթական հաստատությունների դիպլոմները:
Ինչպես հաղորդում է Եվրամիության EU Observer պարբերականը, սա կողմերի միջեւ առաջին համաձայնագիրն է Կոսովոյի կողմից երեք տարի առաջ անկախության հռչակումից ի վեր: Այդուհանդերձ, պաշտոնական Բելգրադը շեշտել է, որ այդ փաստաթղթի կնքումը չի նշանակում իր կողմից Կոսովոյի պետության ճանաչում:
Համաձայնագիրը, մասնավորապես, Կոսովոյի քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց անձնագրերով Եվրամիության տարածք մուտք գործել անմիջականորեն Սերբիայով, ինչի հնարավորությունից նրանք մինչ այժմ զրկված էին:
Կոսովոյի անկախությունը ճանաչել են 75 երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ երկրների մեծ մասը: