Հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը ազատվեցին կալանավայրից։
2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:
2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված > օրենքի համաձայն, հունվարի 13-ին, մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:
Սրբազան Հայրը Եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին:
Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:
Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:
Հայտնում է Վիրահայոց Թեմի մամլո դիվան