Ապօրինի տաքսի ծառայություն և հուշանվերների արտադրամաս

11

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում:
ՊԵԿ մամլո ծառայությունը հաղորդում է նաև, որ գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաև Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել:
Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել էր նաև մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջը, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում:
Դարձյալ մայրաքաղաքում` Թևոսյան փողոցում, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում կարի արտադրամաս է հայտնվել, որը ևս, ինչպես պարզվել է, գործել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու: 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել:
Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում Է: