Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

14

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն հավատավոր Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:

Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդն ունի մեզ համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած քաջարի հայորդիք` նշանավոր զորահրամանատարներ ու արիասիրտ զինվորներ, անձնվիրումով ու հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով մեր ժողովրդի զավակները ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը և ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:

Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև գոհություն և փառաբանություն ենք առաքում Բարձրյալն Աստծուն, որ խաղաղ երկնակամարի ներքո պահպանում է մեր Հայրենիքը և Քրիստոսասեր մեր ժողովրդին ողջ աշխարհում: Հայցում ենք, որպեսզի Ամենախնամ Տերը երկնային զորակցությամբ արդյունավորի հանուր հայության ջանքերը` ի խնդիր ազգային-եկեղեցական կյանքում նորանոր ձեռքբերումների, հայրենի երկրի բարգավաճման և հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն գալիքի:

Բյուր աղոթք և օրհնություն Հայրենի մեր երկրի պաշտպանության համար նահատակված հայորդիների լույս հիշատակին:

Թող Հայրենիքի պաշտպանության պարծանքը միշտ փայլի մեր ժողովրդի հոգում: Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն: