Ամանորյա անպարագիծ ցուցակ ու աստղաբաշխական գներ

224

«Առևտուր անում ենք, բայց շատ դժգոհ ենք, գները շատ են բարձրացնում»,-ասում են գնորդները: Հենց այստեղից էլ սկսվում է ամանորը: Բազմաթիվ պարտքեր, նյարդային իրավիճակ, անդադար գնումներ ու սպասում… ոչ թե ամանորին, այլ հերթական աշխատավարձին: Այս իրավիճակը գրեթե ամեն հայի ծանոթ է դեռևս ամանորից առաջ: Եվ ինչպես չբացել սուփրա սեղանը, մենք` հայերս, որ միշտ աչքի ենք ընկել հայկական հյուրասիրությամբ և «նիսյաների» ցուցակով: Ինչպես չզարմացնել հարևաններին, բարեկամներին, խնամիներին և այլոց: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ բոլորն անխտիր խոսում են դրա մասին, որ այս տարի` նոր տարվա սեղանը համեստ են պատրաստելու, բայց………. Մի քանի ամիս պահանջվում է ամանորյա սեղանի պարտքերը ետ վերադարձնելու համար: Կարեւոր պայման է, որևէ բան չպակասի ուտեստների ու խմիչքների անպարագիծ ու անվերջանալի ցանկից: Մայրաքաղաքում հարցումների արդյուքնում պարզ դարձավ, որ ամանորյա նորմալ սեղանը կարժենա մոտ 150 հազար դրամ, իսկ ավելի ճոխերը` դրա կրկնակին կամ եռակին: Իսկ այ մթերքների ու տարբեր ծառայությունների գները մի քանի օրվա ընթացքում դառնում են աստղաբաշխական: 3000 դրամ արժողությամբ շոկոլադը, ամանորից դեռևս 25 օր առաջ դարձել է 3800 դրամ: Ինչո՞ւ: Առանց որևէ պատճառի, առանց հիմնավորման, աստղաբաշխական ու եթե հնարավոր է ավելի բարձր թվերի են հասնում ապրանքատեսակաների գները: Իսկ մեր պատասխանտուները` առանց մտահոգվելու, շատ լուրջ դեմքով ասում են, որ դա նորմալ է ` ազատ տնտեսական շուկա է, ազատ տրամաբանություն, դա դեռ բավական չէ, մենք էլ ավելացում ենք, ազատ երկիր: Իսկ մեր այս շատ ազատ երկրում, ամանորից մեկ ամիս առաջ շուկաները գնորդների պակաս չունեն, վաճառողներն իրենք էլ խոստովանում են, որ նման առեւտուր ամբողջ տարվա ընթացքում չի լինում ու հավելում, որ շատ դեպքերում ապրանքը թանկացնում են իրենք ու առանց պատճառի. «Բա ի՞նչ անենք, սաղ տարին սպանում ենք նոր տարուն, որ առևտուր անենք, չբարձրացնենք ինչ անենք, ինչ գին էլ ասես, մարդիկ առնում են` ճար չունեն: Մենք էլ բարձր ենք ասում, որ մենք էլ ապրենք չէ, հո սոված չենք կոտորվի: Պետությունը թող նորմալ աշխատատեղ տա, գնանք աշխատնեք, որ ոչ սենց ցրտին առևտուր անենք, ոչ էլ մի բան: Մեզ մեղադրելու չի»,-ասում է Փակ շուկայում արդեն 5 տարվա վաճառողուհի տիկին Նազիկը: Իսկ նույն շուկայի վաճառող Կարենն ավելացնում է. «Չեն ուզում, թո’ղ չառնեն, մեկ ա տարվա էդ ամսին, ապրանք չի մնում, ոնց էլ լինի լավ առևտուր լինում ա»:
Տիկին Հայկուշը որոշել է այս տարի ամանորյա առևտուր անել մեկ ամիս շուտ` թանկացումից խուսափելու համար. «Որոշեցի առևտուրը դեկտեմբերի սկզբին անեմ, որը չի փչանում ու պարզվեց, որ էլի թանկացել ա, ապրանքներ կան, օրինակ չարազը, կոնգետը, չիրը, զեյթունը, տոնածառի խաղալիքները, շորեղենը ու էլի շատ բաներ թանկացել են, չեմ հասկանում, մեր ղեկավարներն ի՞նչ են մտածում»,-ասում է նա:
Իսկ ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասում է, որ դեկտեմբերի 1-ից իրենց կառույցի աշխատակիցները վերահսկողություն են սահմանել. «Իրենց ապրանքը անհարկի թանկացնողներն անպայման կենթարկվեն տույժի, իհարկե, խոսքս վերաբերում է մեր դաշտում գտնվող ապրանքատեսակների մասին: Մարդիկ, որ ասում են չեն ստուգում, սխալ է, ուղղակի մենք օրինակ բանջարեղենն ու միրգը ու այլ սննդատեսակներ ևս չենք վերահսկում, մենք դրա լիազորությունները չունենք»,-ասաց նա:
Ի դեպ, նշված մոնիտորինգի արդյունքում, որն իրականացվում է ամեն օր, դեռ ոչ մի տնտեսվարող չի տուգանվել, ու ինչպես Գայանե Սահակյանն է արձանագորւմ, թեժ գծով ևս ոչ մի բողոք չի եղել` կապված թանկացման հետ: Հարց է առաջանում, եթե ՏՄՊՊՀ-ն չունի լիազորություններ, մարդիկ ի՞նչ անեն: Այսինքն, մոռացել էինք մի շատ կարևոր հանգամանք` ազատ տնտեսական շուկա, որտեղ էլ ազատ մրցակցություն է: Կառավարությունը ամեն տարի ամանորի շեմին հայտարարում է, որ անպայման կզսպեն գնաճը, բայց ոչ մի տարի գնորդները նման բան չեն նկատում, այս եզրահանգմանը եկանք մայրաքաղաքում հարցումներ իրականցնելով. «Չի եղել մի նոր տարի, որ գները չթանական»,-ասում են համաքաղաքացիները:
Համապատասխան մարմինները ամանորից հետո էլ հայտարարում են, որ մոնիտորինգ են իրականցրել ու այսինչ-այնինչ ապրանքատեսակների գները բարձրացված են արձանագրել: Որ ի՞նչ, ինչի՞ են ասում: Եթե չեն կարողանում զսպել գնաճը, գոնե խելացի լինեն, լռեն` մարդկանց ավելի չզայրացնելու համար: Ի դեպ, ողջ աշխարհում ամանորից առաջ հսկայական զեղչեր են լինում: Սա էլ ի լուր մեր կառավարության գնաճազսպողների: Իսկ յուրաքանչյուր նոր տարի իր հետ բերում է պարտքեր ու մեկ-մեկ էլ` հաջողություններ: