2010թ.-ին 2008թ.-ի նկատմամբ աճել է թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա
խորությունն ու սրությունը: 2010թ.-ին բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35.8% , եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը`21.3%` շատ աղքատ, իսկ 3.0%ը` ծայրահեղ աղքատ: Երկու տարվա ընթացքում մոտ 270 հազար մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ 1.2 մլն-ի. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը, նույն ժամանակահատվածում, դարձել են շատ աղքատ, հասցնելով շատ աղքատների թվաքանակը 694 հազարի: Միայն երկու տարվա ընթացքում մոտ 46 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, հասցնելով ծայրահեղ աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ 98 հազարի: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի տվյալները:
Համաձայն զեկույցի, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 2010թ.-ին աղքատության ընդհանուր` վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար գնահատվել են, համապատասխանաբար` 33517 դրամ (կամ 89.7 ԱՄՆ դոլար), 27410 դրամ (կամ 73.4 ԱՄՆ դոլար) և 19126 դրամ (կամ 51.2 ԱՄՆ դոլար):
2008-2010թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը` 2009թ.-ին տնտեսության խոր անկումն էր`14.1%: Հայաստանի տնտեսությունը 2010թ.-ին մի փոքր աճեց նախորդ տարվա նկատմամբ` 2.1%: Տնտեսության խոր անկումը զուգորդվելով բնակչության եկամուտների ավելացող անհավասարության հետ, նպաստել է բնակչության սպառման
նվազմանը: Ինչպես բացահայտում են 2010թ.-ի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008թ.-ի համեմատ նվազել է 8%-ով: Նվազումը նկատվել է սպառման բոլոր քվինտիլներում, բացի ամենահարուստ 5-րդ քվինտիլի, որտեղ արձանագրվել է սպառման աճ:
Աղքատության խորության 8.1% գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը
հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և` աղքատ, և` ոչ աղքատ) համախմբելու աղքատության գծի 8.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Եթե աղքատության խորությունը հաշվարկվում է միայն աղքատ բնակչության հաշվով, ապա այն ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` այն ցույց է տալիս, թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:
Աղքատության սրությունը ցույց է տալիս աղքատների միջև եղած անհավասարությունը:
Այն հաշվի է առնում, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2010թ.-ին աղքատության սրությունը եղել է 2.5%:
Աղքատության հիմնական ցուցանիշները 2008- 2010թթ.-ին,(%) 2010թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է 2008թ.-ի համեմատ: Առավել արագ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.9 անգամ (կամ 1.4 տոկոսային կետով), շատ աղքատների աղքատության մակարդակն ավելացել է 1.7 անգամ (կամ 8.7 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 29.7 %-ով (կամ 8.2 տոկոսային կետով):
Աղքատությունը 2010թ.-ին դարձել է ավելի խորը և սուր: 2010թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 8.1%` 2008թ.-ի 5.1 %-ի համեմատ (աճը 1.6 անգամ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 2.5 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (աճը 1.9 անգամ):
Աղքատության գծի նկատմամբ աղքատների համար անհրաժեշտ լրացուցիչ սպառմանպակասուրդը, %-ներով արտահայտված, կազմել է 22.6 %: Աղքատությունը 2010թ.-ին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (35.7%) և գյուղական
բնակավայրերի (36.0%): 2008-2010թթ.-ին աղքատության մակարդակի աճը գյուղական
բնակավայրերում ավելի արագ էր ընթանում, քան քաղաքային բնակավայրերում: Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է երկրում (27.1%) ` ըստ տարածաշրջանների: 2008թ.-ի համեմատ աղքատության աճը 2010թ.-ին Երևանում կազմել է 7.0 տոկոսային կետ, Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերում`9.6 տոկոս: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (64.3 %) քաղաքաբնակներ են:
Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ:
2010թ.-ին սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, ավելացել է` կազմելով 0.265` 2008թ.-ի 0.242-ի համեմատ: Ըստ ամբողջական եկամուտների անհավասարությունն ավելացել է` կազմելով 2010թ.-ին 0.362` 2008թ.-ի 0.339-ի համեմատ:
Աղքատության և կենսամակարդակի վերաբերյալ բնակչության սուբյեկտիվ
գնահատականները 2010թ.-ի հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի առկա անդամներին տրվել են հարցեր կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականների վերաբերյալ: Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի (35.8%) համեմատ, սուբյեկտիվ գնահատականներն
ավելի ցածր են (14.6% ):
Իրենց ծայրահեղ աղքատ են համարել միայն 2.2%-ը` 3.0% մեկ չափահասին համարժեք
սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակի համեմատ: 2008թ.-ի համեմատ 2010թ.-ին աղքատության մակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներն ավելի ցածր են (2010թ.-ին 14.6 %-ը 2008թ.-ի 17.0%-ի համեմատ):













