Մայիսի 20-ին Նյու-Յորքում Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:
Երեկոյին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր Մարդուն, արվեստագետին եւ մեծ հայրենասերին, ասաց, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ, լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ նախատեսվում են նորերը: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների հովանու ներքո՝ Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:
«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որեւէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եւ ոչ միայն հայերը. Հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»- վերհիշեց Էդվարդ Նալբանդյանը: