Ազատ գետում անհետացած աղջկա դիակը հայտնաբերվել է

11

Հունիսի 17-ին ժամը 14:40-ի սահմաններում ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Հրազդանի եւ Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատներ հայտնաբերել են դեռեւս երեկ Գառնու ձորով հոսող Ազատ գետում անհետացած աղջկա դիակը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, Ծովինար Ղազարյանը (20-21 տարեկան), 33-ամյա Գնել Հելոփյանը (վերջինս աշխատում է «Օրրան» բարեգործական դպրոցում որպես ուսուցիչ), 36-ամյա Արտեմ Ղազարյանը, Չարենցավանի բնակիչ 24-ամյա Վիգեն Ավդալյանը այցելել են Գառնիի ձոր եւ փորձել են փչովի նավակով նավարկել Ազատ գետում:

Անցնելով 600 մետր տարածություն, նավակը շրջվել է, որի հետեւանքով, Ծովինար Ղազարյանին գետի հոսանքը քշել-տարել է:

Մինչեւ գիշերվա ժամը 01:00-ն Արարատի եւ Կոտայքի մարզերի փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարել, ապա որոնումները շարունակել են այսօր առավոտյան: Քիչ առանջ նրանք գետում վերջապես, հայտնաբերել են Ծ. Ղազարյանի դին:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, որպեսզի ջրախեղդ եղած աղջկա մարմինը տեղափոխվի դիահերձարան:

Դեպքի վայրում փրկարարների որոնողական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գեղամ Գրիգորյանը: Այստեղ էին նաեւ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչն ու փորձագետը, նաեւ Արարատի փրկարար ծառայության աշխատակիցները` ջոկատի հրամանատար Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ: