Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մեծացնեն վստահությունը

8

Հոկտեմբերի 21-24-ը կատարած տարածաշրջանային այցի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է նշանակալիորեն բարելավեն բանակցությունների մթնոլորտը, մեծացնեն վստահությունը, ուժեղացնեն հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց ապահովել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում:

Համանախագահները մի քանի առաջարկ են արել այն քայլերի վերաբերյալ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում ամրապնդել վստահությունը։ Կողմերը սկզբունքային համաձայնության են եկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծի շուրջ, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, և որին նախագահներ Սարգսյանը, Ալիևն ու Մեդվեդևը պայմանավորվել էին հետամուտ լինել Սոչիում ընդունված մարտյան հայտարարությամբ:

Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների խորհրդի նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` քննարկելու ժողովուրդներին արդար, երկարատև ու խաղաղ լուծման նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծն արդեն չորրորդ անգամ վերջին 14 ամսում: Այդ քայլը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շփման գիծը մշտական արգելք չէ հարևան ժողովուրդների միջև, և ցույց է տալիս, որ ռազմական կոորդինացիա հնարավոր է, եթե կողմերը կամք են ցուցաբերում:

Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին` շարունակելու կողմերի հետ աշխատանքը` վերը նշված միջոցառումները մշակելու և հաջորդ քայլերը հստակեցնելու համար, որոնք ճանապարհ կհարթեն կողմերի հետագա հանդիպումների համար։