Ադրբեջանին պետք է կառուցողական դաշտ բերել

14

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանման համար: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարեւոր խնդիրներից մեկը:
Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: