Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում անցկացված դիտարկումը կայացել է մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան). Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: