«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ի (ԱՍԱԼԱ) անունից վերջին շրջանում հրապարակվող հայտարարություններն Ադրբեջանի սուտ քարոզչության հերթական դրսեւորումն են: ԱՍԱԼԱ-ն սեպտեմբերի 6-ին տարածած հայտարարությամբ ընդգծել է, որ Ադրբեջանը, Բուդապեշտում սեփական դեսպանատուն ուղարկելով նամակ ենթադրյալ ԱՍԱԼԱ-ի կողմից, նպատակ է հետապնդել ծածկել խայտառակ և ամոթալի գործարքը Հունգարիայի հետ:
«Հունգարիայի խաղաղասեր ժողովուրդը պետք է իմանա, որ ԱՍԱԼԱ-ի անունից հնչող նման սպառնալինքներն ադրբեջանական վարչակարգի կողմից հորինված հերթական կեղծիքն են և ուղղված են հայ-հունգարական պատմական բարեկամությունը խաթարելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ը մեղադրել է միջազգային հանրությանը և Հունգարիայի իշխանություններին ադրբեջանական վարչակարգին` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ապաստարան տալու և «ազգային հերոս»-ի կոչում շնորհելու գործում խրախուսելու համար: Դատապարտելով արդարադատության միջազգային նորմերի ամոթալի ոտնահարումը` հաղորդագրության մեջ ասվում է. «Ալիևյան կլանի հանցավոր գործողությունն ավելի քան երբևէ ապացուցում է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը»: