Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթել է նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույցել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: