Միացյալ Նահանգները հայտարարել է, որ բավարարված չէ Ռամիլ Սաֆարովի հարցով Բաքվից եւ Բուդապեշտից ստացած պարզաբանումներով:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ:
Գորդոնը հավելել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:
Ըստ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»: