Ներքին Հանդ գյուղում դպրոցը 500 մ հեռավորության վրա է ադրբեջանական ԶՈՒ դիրքերից և այդտեղ արձակվում են կրակոցներ

177

Սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ավելին՝ մարդու իրավունքներն այնպիսի հիմք են, որը չպահպանելու դեպքում, ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է։ ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ պարտադիր կիրառման ենթակա միջազգային սկզբունքներից է սահմանային բանկիչների արժանապատվության նկատմամբ հարգանքը և նրանց իրավունքների պաշտպանությունը, սահմանային բնակիչների բնականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, հաշվետվողականություն, տեսանելիություն, բավարար տեղեկություններ և այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային, մասնագիտացված աշխատանքներով, որը պետք է իրականացնել նախապես՝ մասնագետների ներգրավմամբ։

ՄԻՊ-ն արձանագրեց մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարումը, կյանքի իրավունքի իրական վտանգները, մասնավորապես, տեսնում ենք, որ կրակոցներն արձակվում են մեր խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ Եղվարդի, Սրաշենի, Ագարակի, Շիկահողի, Ներքին հանդի տարածքում։

«Ներքին Հանդ գյուղում եղել եմ, ականտես եմ եղել։ Դպրոցը 500 մ հեռավորության վրա է ադրբեջանական ԶՈՒ դիրքերից և այդտեղ արձակվում են կրակոցներ։ Հիմա՝ միջազգային որևէ կազմակերպություն կամ որևէ կառույց ինձ կարող է ասել, որ սա երեխաների շահերից բխող իրավիճա՞կ է »,- նշեց ՄԻՊ-ը։

ՄԻՊ-ն արձանագրեց նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքների, երեխաների շահերի կոպտագույն խախտումներ։

Օրինակ՝ Շուռնուխում, Որոտանում ճանապարհի մի հատվածում ադրբեջական ԶՈՒ-երի զենքով ծառայողներ են, մի քանի մետր այն կողմ մեր սահմանապահ զորքերն են և ռուս սահմանապահ զորքերը։ «Երեխաների շահի՞ց է բխում։ Կա՞ մի միջազգային կառույց, որը կարող է ասել, որ սա նորմալ է»,- նշեց նա։