Ադրբեջանը Արցախի Աղավնո գյուղի մոտակայքում էլեկտրասյուներ է դնում

211
Աղավնո
Ադրբեջանը Լաչինի միջանցքի սահմանին՝ Աղավնո գյուղի մոտակայքում էլեկտրասյուներ է դնում, Sputnik Արմենիային հայտնեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
Բաքուն իր կողմից բռնազավթված ՀԷԿ-ից էլեկտրահաղորդալարերի գիծ է կառուցում։
Չավուշյանի խոսքով՝ պայմանավորվածություն կար այն մասին, որ Ադրբեջանը աշխատանքներն անի միջանցքից դուրս՝ իրենց վերահսկողության տակ եղած սարի վրայով, սակայն, փորձելով շրջանցել մի մասում եղած ժայռոտ տարածքը (150-200 մ), հայտնվել են միջանցքում։
«Բայց մենք խաղաղապահների հետ բանակցեցինք, ադրբեջանցիները հետ քաշվեցին դեպի սահմանագիծ, որն անցնում է սարի վրայով»,- ասաց Չավուշյանը։
Ադրբեջանցիներն, ըստ Չավուշյանի, արդեն գնացել են։
Ըստ գյուղապետի, ներկա իրավիճակի ու գյուղի ապագայի մասին բոլոր հարցերը պետք է ուղղվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա է ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Գաղտնիք չէ, որ նրանք (ադրբեջանցիները – խմբ․) շրջանցող ճանապարհ են կառուցում։ Մենք ենք, որ ոչինչ չենք անում, որովհետև հասկանալի չէ՝ գյուղը հանձնում ենք, թե ոչ»,- ասաց Չավուշյանը։
Նա հավելեց՝ մեկը չպետք է որոշի, որ մարդիկ պետք է հեռանան՝ թողնելով այն, ինչը տարիներով կառուցել են։