Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է Aqui Bergueda թերթը։
Բերգայի քաղխորհրդի նիստում Բարսելոնայի Հայկական մշակութային ասոցիացիայի առաջարկով ձայների մեծամասնությամբ ընդունվել և ճանաչվել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը:
Բանաձևով նաև դատապարտվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ՝ Թուրքիայի «ակտիվ ներգրավմամբ»։ Քաղխորհուրդը նաև դատապարտել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային ռումբերի գործածումը, քաղաքների և հուշարձանների հրթիռակոծումը, ինչպես նաև գերիների սպանությունը։