Սա Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների Հայաստա՞նն է. ինչպե՞ս է Սարգսյանն իր ասածի տակից դուրս գալու…

39

Սա Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների Հայաստանն է: Միանշանակ մենք հպարտ ենք մեր պատմությամբ, բայց այսօրվա Հայաստանի մասին, թերևս միայն Սերժ Սարգսյանը նման կարծիք ունի կամ էլ նրա տեքստ գրողը: Նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է նախկինը վերադարձնելու Սարգսյանի շանսերի անհնարինությունը: Եվ հարց է առաջանում հիմա Սարգսյանն իրեն Տիգրան Մեծի, Արտաշես Առաջինի, Արշակ Երկրորդի, Տրդատ-ի, թե՞ Պապի  հետ է համեմատում: Երևի բոլորի  «հավաքական» կերպարն է: Բայց երբ այդ ամենը լսելուց հետո տեսնում ես նախագահի վարած թուլամորթ քաղաքականությունը, ավելի ես հիասթափվում, որ նա համարձակվում է իրեն նման համեմատականի մեջ դնել: Ասենք այն, որ նախագահ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա: Այցի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, մի շարք այլ պաշտոնյանների և այնուհետև կմասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, իսկ հոկտեմբերի 4-ին սպասվում է նրա ելույթը ԵԽԽՎ-ում: Թվում է, թե ինչ կա որ հերթական այց է: Բայց ոչ, դեռ ոչ վաղ անցյալում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցին, ինչին հաջորդեց նույն Օլանդի հայտարարությունը, որ սպասում է ՀՀ նախագահին: Հակասությունների մի ամբողջ շարք: Սակայն ակնհայտ է դառնում, որ Օլանդը կարող էր չգալ, բայց Սարգսյանն անկարող էր: Ինչո՞ւ: Պատասխանը միանշանակ է. Մաքսային Միության անդամակցությունը Օլանդին թույլ չտվեց, որ գա Հայաստան, նույնսիկ չօգնեց այն, որ Ֆրանսիան ԵՄ-ի կազմում գտնվող  «ամենաբարյացկամ» երկիրն է եղել մեր հանդեպ: Իսկ ինչո՞ւ Սարգսյանը չի կարող չգնալ, քանզի հենց նախագահական ընտրությունների շրջանում էր, որ Սարգսյանը աջակցություն ստացավ ԵՄ-ից, այդ թվում նաև՝ Ֆրանսիայից: Բայց ուրախ գործով չի, որ գնում է Սարգսյանը: Նա դեռ բավական հարցերի պատասխաններ է տալու Օլանդին, դեռ պետք է արդարանա, միգուցե ներքին կարգով օգնություն հայցի: Չնայած որ Եվրոպան չի էլ ցանկանա լսել Սարգսյանի արդարացումները: Չէ՞ որ այդքան գումարներ ծախսեց ԵՄ-ն Սարգսյանին ասոցացաման համաձայանգրի սեղան բերելու համար: Եվ ի՞նչ, Սարգսյանը մի քանի րոպեում ջուրը գցեց, ու հիմա գնում է այնտեղ, որ ի՞նչ ասի: Բացի դա էլ ԵՄ երկրների տարբեր պաշտոնյաններ բազմիցս կոշտ կերպով են արտահայտվել Սարգսյանի այս քայլի վերաբերյալ: Մյուս հետաքրքիր հարցը ԵԽԽՎ-ում Սարգսյանն ինչ պատասխաններ է պատրաստել, այնտեղ էլ են հնչելու այդ բոլոր հարցերը, մի՞թե այստեղ էլ ունի բոլոր պատասխանները: Ակնհայտ է միայն այն, որ Սարգսյանը մտածում է միայն իր սեփական անձի ու կառուցած իշխանության մասին՝ թքած ունենալով հայ մարդու վրա: Իսկ ինչո՞ւ է նա միշտ գնում օտարների հարցերին պատասխանելու և երբեք չի ցանկանում իր երկրի տերերի հարցերին պատասխանել, ամեն ինչ ընդօրինակում է ՌԴ նախագահից, ինչո՞ւ Պուտինի՝ ժողովրդի հարցրեին պատասխանելու սովորույթն էլ չի ընդօրինակում: Կարծում եմ ժողովրդի մոտ շատ հարցեր են կուտակվել և առաջիններից մեկն էլ այն է, թե ինչու են Սարգսյանն ու իր նախորդները ապականում մեր նախնիների՝ Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների ու Բագրատունիների Հայաստանը՝ մոռանալով նույնիսկ այս չորսի նախնիների՝ Վանի, Միտանիի ու Հայասայի մասին: