Ովքեր կողմ չեն քվեարկել անձնական տվյալների միջամտությանը վերաբերող նախագծին

4
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Ըստ այդմ, այս նախագծով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։

Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում: 

Նախագծի վերաբերյալ մարդու իրավունքների առումով խնդիրներ են տեսնում ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական պատգամավորները: Նախագծին ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը: Եղել են նաև բացականեր: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել: