Ո՞ւր ենք գնում մենք…

16

Հայաստանում քաղաքական խմորումները շարունակվում են: Հները նորից վերադառնում են, հեռացածները գալիս են, իշխանավորը ընդդիմադիր է դառնում, փոքր խմբերը միավորվում են: Դաշտում բոլոր հնարավոր ու անհնար «ամուսնությունների» ականատեսն ենք դառնում և խոստումներ, խոստումներ…

Ո՞ւր ենք գնում մենք…

Վստահաբար հայ ժողովուրդը ոչ մի տեղ չի գնում և ոչ մի տեղ էլ չի հասնելու: ԱԺ ընտրությունները շարքային քաղաքացու համար որևէ կարևոր նշանակություն չեն ունենալու, որովհետև նույն մարդիկ են գալու, ովքեր վերջ չեն դնելու ամեն օր շարունակվող պատերազմը, Արցախի հարցն այդպես էլ չեն լուծելու, ո՛չ տնտեսական, ո՛չ օրենսդրական և ո՛չ էլ հասարակ սոցիալական խնդիրները չեն լուծելու:

Այս քաղաքական խաղիկները՝ ամուսնություններն ու բաժանումները, քաղաքական ճղճիմ վերնախավում հայտնվելու, մի աթոռ գողանալու պայքար են: Կապ չունի, թե ով ՀՀԿ-ից դուրս եկավ և ուր գնաց, կամ ով վերադարձավ, ով հեռացավ, սրանք կոսմետիկ տեղափոխություններ են, և գումարելիների տեղը փոխելիս  գումարը չի փոխվելու, այսինքն՝ հայ ժողովրդի կյանքի որակը չի փոխվելու: Պարզապես փոքր ձկները գոնե մեկ աթոռ են ակնկալում, մեծերի ախորժակը, իհարկե, ավելի մեծ է՝ նախ եղածը պահեն, հետո կմտածեն՝ էլ ինչ են ուզում:

Իսկ ո՞ւր կորան շարքային հայի, երազանքները, նպատակները, հույսերն ու ընտրությունը: Հարցին հարցով կպատասխանեմ. շարքային հայի երազանքները դեռ երկար են օդում աջ ու ձախ ճոճվելու, քանզի նա իր հոգսերով թերևս շատ ձանձրալի է Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հովիկ Աբրահամյանի,  լֆիկների, նեմեցների, թոխմախների ու մնացած կենդանական անվանումներով արարածների համար: Այս մարդիկ իրար վրա թքում են, բայց հաջորդ օրն իրար հետ հաց են կիսում, նրանք իրար հետ են, բայց անջատ են, ատում են միմյանց, բայց քավոր-սանիկ են, կիսվում են, բայց ետևից գողանում են… մի խոսքով մենք նույն տեղում ենք…

Իսկ ո՞վ է մեղավոր դրանում: Իհարկե, հայ ժողովուրդը: Մի՞գուցե մեղադրաքը շատ ուղղորդված է, բայց ո՞վ է մեղավոր, որ այսօր աթոռին նստած են կամ ուզում են նստել այս ապազգային տարրերը, իհարկե, հայ ժողովուրդը, այո՛ մեղավոր է, քանզի ինքն իր գնալով լեգիտիմացրել է ընտրությունները, քանզի հանդուրժում է, քանզի փոքր երեխայի պես մանկամիտ է, քանզի վաճառվում է, քանզի չգիտի իր արժեքը, չգիտի իր որակը: Հայը վաղուց պետք է հասկանար, որ իր փրկիչը ինքն է և ոչ թե այս անհատները: Բայց մենք նույն տեղում ենք, որովհետև չենք հասունանում, որովհետև բազմադարյա լծի հետևանքները դեռ չենք կարողանում թոթափել:

Հայն այսօր ապրում է անուրջների մեջ, չգիտի՝ ինչ է ուզում, և զարմանալի չէ, քանզի շարքային հայը հազիվ կարողանում է մտածել իր առօրյա հացի խնդիրը լուծելու մասին, իսկ հացի խնդիր լուծողն ի վիճակի չէ գլուխը բարձրացնել ու մտածել վերին գաղափարների մասին, կամ գոնե ուժ գտնել իր մեջ այս ոհմակի դեմ պայքարելու համար, չէ՞ որ նրանք էլիտա են սոցիալական ծանր խնդիրներ ունեցող անձի աչքերում, անհասանելի են: Եվ ահա շարքային հայը սկսում է լուծել իր հացի խնդիրը պետության արմատները խարխլելու հաշվին: Այո, շարքային հայը ապրիլի 2-ին նորից գնալու է ընտրության ու նորից ձայն է տալու սարգսյաններին, ծառուկյաններին ու օհանյաններին, որոշներն էլ 5000 դրամով են գնալու, որոշներն էլ թաղամաս-թաղամաս, տուն-տուն են ընկնելու, որ անուններ հավաքագրեն և ՀՀԿ-ին, Ծառուկյանի թիմին, Համախմբման, Ելքի, Դաշնակցության ու մնացած մանր-մունր խմբերին աթոռ ապահովեն:

Եվ այս տնետուն ընկածները նորից շարքային քաղաքացիներ են, նրանց երազանքներն էլ են օդում ճոճվում, բայց նրանք պայքարելու են հանուն այս ուժերի, նույնիսկ թշնամանալու են իրար հետ:

Որոշներն էլ պետության հիմքերը թուլացնելու են իրենց անզօրությունից: Նրանք, ովքեր հեռու են այս խաղից, բայց զգում են իրենց մաշկի վրա երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, ամեն օր շարունակվող պատերազմը, գործազրկությունը, օր օրի վրա հասնող աղքատությունը և իրական ելքի բացակայությունը, նորից բռնելու են արտագաղթի ճամփան՝ նախընտրելով եվրոպական ճամբարային վրանները՝ սեփական տանիքից:

Բոլորս միահամուռ քանդում ենք պետությունը, ավելի ճիշտ օգնում ենք ապազգային տարրերին քանդել Հայաստանը, մի՞գուցե կանգ առնենք…

Էլիտան ձուլվում և տրոհվում է, իսկ շարքային հայի երազանքները դեռ ճոճվում են…