ՄԻԵԴ-ում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը

6

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը, վճիռը կկայացվի 6-8 ամսվա ընթացքում:

Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր՝ շեշտելով, որ աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության և ատելության:

Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին`շեշտելով, որ Թուրքիան խոսքի ազատության և մարդու իրավունքների մասով տխուր փորձ ունի: 

Դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը, ում ելույթը համեմված էր իբր «մարդասիրական» ոգով. «Մեր հայ քաղաքացիների ցավը միշտ էլ կիսել եմ։ հայերի հանդեպ ատելություն և թշնամանք սերմանող գեթ մեկ բառ չեք կարող գտնել։ Միշտ շեշտել ենք նրանց ներդրումը մեր մշակույթում և կյանքում։ Մենք ոչ թե հայերին, այլ մեծ պետություններին ենք մեղավոր համարել։ Մեր այդ խոսքերով մեր հայ քաղաքացիներին էլ ենք պաշտպանել»,- հայտարարեց Փերինչեքը՝ շարունակելով ժխտել Հայոց Ցեղասպանությունը։

Ըստ կանոնակարգի` հաջորդիվ ելույթ են ունեցել Շվեյցարիայի` որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վոկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Թուրքիան:

Ի դեպ, Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում և դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաեւ Սլովակիան և Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: