Մարդ լինելն ու քաղաքականությունը

14

Ինչո՞ւ է ռուսական կողմն այսքան մտահոգված՝ Գյումրիի սպանդի չքաղաքականացման հարցի շուրջ: Սա հարց է, որը վերջին օրերին չափազանց շատ է քննարկվում ռուսաստանյան էլիտայի կողմից: Նախ ՌԴ դեսպանատան ցավակցական հաղորդագրությունը փոքրիկի մահվան առնչությամբ, դրանից առաջ Վլադիմիր Պուտինի աջ ձեռքերի կողմից հնչող նույնատիպ ելույթները և ահա այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի չքաղաքականացման կոչերը:

Պե՞տք է մարդ մնալ

Այսօր 6 ամսական փոքրիկի հուղարկավորության օրն էր, ով 7 օր շարունակ տանջվեց ռուս զինվորի դանակի հարվածներից ստացած վերքերից: Բայց Ռուսաստանում կարևորը ոչ թե մարդկայինն  է և ամիսներ առաջ լույս աշխարհ եկած փոքրիկի ճակատագիրը, այլ սեփական երկրի կորսված վարկանիշի շահարկումները:

Լավրովի այսօրվա ելույթը չափազանց վիրավորական է հայ հասարակության համար, ով օրեր շարունակ չի կարողանում ուշքի գալ իր երկրի ներսում օտար զինուժի ծառայողի կողմից գազանաբար կատարված սպանությունների պատճառով: Այսօր հայ հասարակությունը ոչ թե մտածում է քաղաքականության, այլ իր երկրի ու իր ապահովության մասին, քանզի երկրի էլիտան խոստացել է «ապահով Հայաստան»: Ի գիտություն Լավովի՝ քաղաքականությունը չեն կարող շահարկել շարքային քաղաքացիները, քաղաքականությունը միայն քաղաքականությամբ զբաղվողների մենաշնորհն է: Եվ այս պարագայում, թե ում էր ուղղված Լավրովի կոչը, անհայտ է, քանզի Հայաստանում այօր ոչ իշխանական և ոչ էլ հատկապես ընդիմադիրների կողմից հակառուսական կոչեր չեն հնչում: Ռուսական կողմի ապաշնորհ վարվելակերպը տվյալ պարագայում ամենից շատ հուզել է հենց հայ ժողովրդին:

Զավեշտալին այն է, որ Լավրովը կարծես չափազանց բարկացած էր և փորձում էր օտար ուժերին մեղադրել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ստեղծման համար, բայց իրականում Հայաստանում հակառուսական ալիքն այնքան մեծ չէ, որքան որ խոսվում ու հարցը քննարկվում է ռուսական վերնախավի և հայ իշխանավորների կողմից: Սպանդի առաջին իսկ օրից շարունակ խոսվում է դեպքը չկապել քաղաքականության հետ: Իսկ այսօր ռուսական կողմը փոխանակ թույլ տա, որ հանցանքը պարզվի, փորձում է երևույթի շուրջ փոխել վերաբերմունքը և օտար ուժերին մեղադրել հայ հասարակությանը հրահրելու մեջ: Լավրովի այս քայլն ավելի է քաղաքականացնում կատարված եղեռնագործությունը, քանզի հայ հասարակությանը մեղադրում է օտար ուժերի ազդեցության տակ ընկնելու մեջ: Ռուսական կողմը կրկին ուզում է զոհի կարգավիճակում հայտնվել, ինչին, ցավոք, օգնում է հայոց էլիտան:  Բայց հենց ռուսական կողմն է քաղաքականացնում, որ չի հանձնում կասկածյալին հայկական կողմին և ամեն գնով, նույնիսկ սեփական երկրի անունը գցելով, նրան պահում է իր ռազմաբազայում՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը և հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը: Ինչո՞ւ է ռուսական կողմն այդքան պայքարում Վալերի Պերմյակովի համար: Մի՞թե միայն այն պատճառով, որ նա ՌԴ քաղաքացի է: Սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմից, եթե Ռուսաստանը մտածելու ոչինչ չունենար և չվախենար հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, չէր անհանգստանա այդքան և չէր խոսի քաղաքականացման մասին, բայց հարց է ծագում՝ ինչու չի ռուսական կողմը զիջում: Հարցի պատասխանը մեկն է, հայական էլիտան թույլ է տալիս, որ իր երկրի հասցեին հնչեն չապացուցված մեղադրանքներ: Այդ նույն էլիտան ոչ միայն պետք է պաշտպաներ իր ժողովրդին օտար հարձակումներից, այլև պետք է պահանջեր, որ հարգեին իր երկրի սահմանադրությունն ու օրենքները, օգտվեր ռուսական ցայտնոտից և ցույց տար, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես որ հաճախ շեշտվում է, ձեռնտու է ոչ միայն հայոց էլիտային՝ Սարգսյանի գլխավորությամբ, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Բայց, ինչպես տեսանք, դեպքի առաջին իսկ օրը ռուսական կողմը մերոնց ցույց տվեց իրենց տեղը՝ ՀՀ դատախազության կողմից հայտարարություն տարածելով, որ Հայաստանում գործում է ՌԴ սահմանադրությունը: Արդեն անցել է 9 օր: ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանը տղամարդու խոստում էր տվել, որ Հայաստանում կսկսեն գործել ՀՀ օրենքներն ու սահմանադրությունը՝ այսինքն կասկածյալը կդատվեր ՀՀ դատարանում, մեր օրենքներով, բայց ավաղ ոչ, դատախազը և ոչ էլ նրա շեֆերը չկարողացան ապացուցել, որ  Հայաստանը ինքնիշխան պետություն է, որ մեր երկրում գործում են միայն մեր օրենքները: 

Իսկ ո՞ւր է Սարգսյանը

Այս ֆոնին հետաքրքիր է Ռուսաստանի անհանգստությունը և Հայաստանի նախագահի լռությունը: Ռուսաստանը չափազանց շատ է վախեցել դեպքից հետո մեր երկրում սպասվող ալիքներից, որն ըստ ռուսական կողմի՝ ամենից շատ ձեռնտու է արևմուտքին:

Ինչպես երևում է՝ Հայաստանի համար որոշումներ են կայացնում Ռուսաստանն ու արևմուտքը, ովքեր, թվում է, թե ավելի «անհանգիստ են» Հայաստանում տիրող քաղաքական զարգացումներից, քան մեր երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանը չկա ու չկա: Սարգսյանի կրավորական վիճակն ավելի սարսափելի և վտանգավոր է մեզ համար, քան արևմուտքի հրահրումները, քանզի հենց այդ կրավորականության շնորհիվ է, որ ՌԴ դեսպանատունը ցավակցության փոխարեն, կարևորվում էր մարդ լինելու հանգամանքը: Այսինքն, հանցագործին իրենց թևի տակ առած մարդիկ՝  հայ ժողովրդի այս ծանր պահին, որի մեղավորը հենց իրենք են իրենց անօրեն ռազմաբազայի տարողունակությամբ, շարունակում են խոսել քաղաքականությունից և վերին գաղափարներից՝ չստանալով ոչ մի հակադարձ պատասխան:

Մի՞թե ռուսական կողմը մարդկային որևէ հատկանիշ է ցուցաբերում մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, որ թույլ է տալիս իրեն մեզ սովորեցնել մարդ լինելու գաղտնիքները: Մի՞թե մենք կմոռանանք հայ- ռուսական այն կարկառուն էջերը, որտեղ ռուսական կողմը շարունակ մոռացել է մարդ լինելու և գթասրտության մասին: Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ մեր երկրի մեջ մեզ գազանաբար սպանեն և վերջում մեզնից պահանջեն, որ մարդ լինենք: Մի՞թե սա չի վիրավորում Սերժ Սարգսյանի անձը: Ցավոք, Սարգսյանը ռուսական կողմից հնչող ցանկացած վիրավորանք կոմպլիմենտ է համարում: Եվ իր փոխարեն՝ ակտիվ խոսում է ռուսական կողմը, որոշումներ կայացնում և ամեն հարմար առիթի ստորացնում հայ ժողովրդին:

Ռուսական ցայտնոտը

Նույնիսկ այս օրերին, երբ ակնհայտ է ռուսական ցայտնոտը, վերջիններս շարունակում են  իրենց այնպես պահել, որ Հայաստանը պարտական է Ռուսաստանին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման և մեր երկրի սահմանները հսկելու համար, իսկ իրենք ոչ մի շահ չունի դրանից՝ միայն գթասրտություն և մարդկայնություն: Միայն նոր ծնված երեխան կհավատա այս հեքիաթներին: Ռուսական կողմի համար այս ռազմաբազան լուրջ գործիք է, և տարածաշրջանում իր դերակատարությունը մեծանում է հենց այս ռազմաբազայի շնորհիվ: Այսինքն՝ դրա համար է Ռուսաստանը ցայտնոտի մեջ: Հիշեցնենք նաև, որ հայկական կողմն է հոգում այդ նույն ռազմաբազայի ծախսերի մի մասը:  Բայց ինչո՞ւ ենք մենք անընդհատ պարտական: Պատճառը մեկն է և պարզ: Հայկական կողմը այնքան ժամանակ կլինի ստորակարգ վիճակում և միշտ պարտք, որքան կրավորական կշարունակեն լինել մեր իշխանական և ընդդիմադիր էլիտան: Մեզ օտարներն այնքան ժամանակ կսովորեցնեն մարդկային լինելու չափանիշները, որքան որ հայ իշխանավորները կշարունակեն աշխատել ոչ թե սեփական ժողովրդի, այլ օտարի շահերի համար: Մեր իշխանությունն է թույլ տալիս, որ երկիրը դառնա վարած հող օտարի ոտքի տակ:

Մարդ լինելու մասին

Ռուսկական կողմին հարկավոր է հիշեցնել, որ երևույթի չքաղաքականացման համար հարկավոր է իրերը կոչել իրենց անուններով, եղեռնագործին հանձնել հայկական կողմին և թույլ տալ բաց ու ազատ քննություն: Եթե չի լինելու այդ ամենը, ապա չքաղաքականացնել հնարավոր չէ, քանզի ռուսական ռազմաբազայի գործունեությունը այդ պարագայում մեր երկրում չափազանց վտանգավոր է դառնում, և ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ Պերմյակովների հարձակումներից և ռուսական էլիտայի անմարդկային վերաբերմունքից:

Այս պարագայում մենք ենք ձեզ կոչ անում, որ մարդ լինելը ամենակարևոր հանգամանքն է: