ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես

10
ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես: ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն»,- ասաց նա՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՌԴ արտգործնախարարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին:

«Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե:

Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում», – ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում է.

«Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք։ Մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի նաեւ մեր դիրքորոշումների նկատմամբ եւ հավաստիացնում եմ՝ այդպես էլ կա։ Այս ամեն ինչն ունի ռիսկեր, բայց ընտրության հարց է, մենք ինչ ենք ուզում, որպես երկիր ինչպես ենք ուզում դիրքավորվել։ Ուզում ենք դիրքավորվել ձեռքներս գլխներիս պահած, որ, կներեք, մի խփեք մեզ։ Թե՞ մենք ուզում ենք դիրքավորվել մի երկիր, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ ընդունել հարվածներ եւ տա նաեւ հակահարվածներ։ Հարաբերություններում չլինել կոնֆլիկտային, լինել կառուցողական, հարգալից»։

Վարչապետը շեշտեց, որ այս ամբողջ դիվանագիտական կորպուրսն այս նոր դիրքորոշումը չի որդեգրել եւ լիարժեք չի հասկացել, սակայն նաեւ սա չի նշանակում, որ ոչ մեկ չի ընդունել.

«Բայց կա հատված, որ սովոր են հին ռեժիմով աշխատել, որ վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ եւ բոլորից ինչ-որ բան աղերսել, որեւէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ»։