ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

15

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած գագաթնաժողովի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Անթույլատրելի ենք համարում նոր բաժանիչ գծերի ու փակ սահմանների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցների պահպանումն ու հայտնվելը»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Դրանում հատկապես նշվում Է, որ «ՀԱՊԿ-ի երկրները հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության միավորիչ օրակարգի օգտին, ինչպես նաև իրենց ավանդն են ներդնում «առկա հակասություններն ու կոնֆլիկտները, բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով» լուծելու գործում:

«Մենք՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներս, ակտիվորեն հանդես ենք գալիս սպառազինությունների մրցավազքի կանխման օգտին: Գտնում ենք, որ առանձին պետությունների կամ պետությունների խմբերի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի ու անսահմանափակ ընդլայնումը վնաս կհասցնի միջազգային անվտանգությանն ու կապակայունացնի աշխարհի իրադրությունը»,-նշված Է փաստաթղթում:

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նաև հանդես են եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու օգտին: Նրանք կոչ են արել համախմբված միջազգային գործողություններ ձեռնարկել վտանգավոր միտումները հաղթահարելու համար, որոնց թվում նշվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը և Աֆղանստանի իրադրության վատթարացումը:

«Առանձնակի անհանգստություն Է հարուցում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում տիրող իրադրությունը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորված չլինելը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ակտիվացումը, Աֆղանստանի տարածքի վերածումը թմրանյութերի արտադրության խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկի»,-ասված Է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի երկրները պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը միջազգային իրադրության հրատապ խնդիրների շուրջ:

Հայտարարության հեղինակները նաև ողջունում են Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, ինչպես նաև Սիրիայում քիմիական զենքի վերացման խնդրի լուծումը:

ՀԱՊԿ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: