Հայկական բլեֆը՝ մի երրորդ կողմի համար

5

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի այն հայտարարությունը, որ թուրքական քաղաքականությունը բլեֆ է, շատ կարևոր է տվյալ պահին: Այն, որ մեր թշնամու վարած քաղաքականության մեջ բլեֆային տարրեր կան, դա բացառելն անհնար է, սակայն այն հանգամանքը, որ Շարմազանովն այդ հայտարարությունը այսօր է անում, չափազանց հատկանշական է: Արդեն վաղուց էր հայտնի, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին, և հայտնի էր նաև այն, որ այդ նույն Դավութօղլուին մեր երկիր էր հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը: Նախ այն, եթե թուրքական քաղաքականությունը բլեֆ է, հապա սիրելի իշխանություն ինչո՞ւ եք այդ բլեֆին հրավիրում Հայաստան: Եթե Նալաբանդյանը, ով Դավութօղլուին միանշանակ հրավիրել է վերևների հրամանով, ոչ մի սպասելիք չունի այդ երկրից ու հատկապես Դավութօղլուից, ինչու է նրան հրավիրում մասնակցելու միջազգային գիտաժողովի՝ քաջածանոթ լինելով Թուրքիայի թշնամական վերաբերմունքին ուղղված Հայաստանին ու հայ ազգին:

Դեռ սրանք հարցեր են, որոնք տանելի են, սակայն ցավալի է, որ արդեն մեկ շաբաթ է հայկական մամուլում շարունակում են շրջանառվել Թուրքիայի կողմից նախապայմանների թելադրանքը, ազատագրված տարածքներից  երկու շրջան վերադարձնելու վերաբերյալ, ինչը թույլ տրվեց, որ տարածվի: Եվ միայն Դավութօղլուի գալուց երկու օր առաջ հերքեցին, որ դա թուրքական ապատեղեկատվություն է, սակայն արդեն ուշ էր, քանզի այդ ապատեղեկատվությունը հայկական մամուլում արագորեն տարածվեց ու քննարկվեց օրեր շարունակ: Եվ նման ապատեղեկատվությունից հետո էլ այստեղից շարունակում են անհամբեր սպասել Դավութօղլուին, ում գալը բառացիորեն աբսուրդի ժանրից է: Ինչի՞ են ուզում Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու առաջին քայլը անել հենց Հայաստանից, երբ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին մեկ տարի է մնացել, իսկ Թուրքիան հոխորտալուց և հակահայկական Փիառ անելուց բացի ոչինչ չի արել, ինչու են այստեղից ջանում ամեն կերպ հաճոյանալ,  միայն թե այդ անձը մուտք գործի Հայաստան:  Մի՞գուցե սա էլ է պարտադրանք, կամ նախապայման հայկական կողմի առջև դրված: Եվ եթե թուրքական կողմը միայն նախապայմանների լեզվով է խոսում, ուրեմն ինչո՞ւ են թույլ տալիս նա այդ գաղափարները մտցնի Հայաստան ու փորձի դրանք այստեղ արտահայտել: Ինչո՞ւ ոչ ոք բարձրաձայն չհայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանին տալու ոչինչ չունեն, իսկ եթե կա որևէ մեկը, որ նախապայմաններ է առաջ քաշում կամ ստիպում Հայաստանի իշխանություններին կուլ գնալ, այս երկրում ոչ ոք թույլ չի տա նման բան կատարվի, քանզի Արցախն ու նրա մեջ մտնող հողային տարածքները Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը չեն միայնակ ազատագրել և միայնակ որոշում կայացնելու իրավունք էլ չունեն, այնինչ մեզ մոտ հակառակն է, նույնիսկ մամուլում արդեն հարմարվող նյութեր էին շրջանառվում: Ինչպե՞ս կարելի է այդքան ստրկամիտ լիենլ:

Եվ այս ամենն անելուց հետո Շարմազանովի հայտարարությունը բլեֆի մասին խոում է հենց Շարմազանովի թիմակիցների ու իշխանության շրջանակում առկա բլեֆի մասին, որը պարբերաբար հրամցվում է հայ հասարակությանը տաք կարկանդակի փոխարեն:  Թուրքական բլեֆը Հայաստանում մեկ անգամ արդեն կերել են, բայց փորձում են երկրորդ անգամ էլ ուտել,  սակայն ինչ ակնկալիքով դեռևս անհայտ է, բայց որ Դավութօղլուին ուզում են ամեն կերպ մտցնել ՀՀ դա փաստ է: Ինչ վերաբերվում է նրան, որ մենք բոլորս բուռն քննարկենք, թե նա եկավ կամ գնաց, ինչ փոխվեց, ինչ ասաց, ամենևին, Դավութօղլուն կա ու միշտ կմնա հայ ազգի թշնամի հանդիսացող երկրի բարձրագույն պաշտոնյա, ում ներկայությունը Հայաստանում անընդունելի է, իսկ նրանից սպասում ունենալն առնվազն տկարամտություն: Հավանաբար այս այցից մի երրորդ կողմ ակնկալիք ունի, ում համար միևնույն է, թե հայն ու Հայաստանը թուրքի ու Թուրքիայի հետ ինչ հարաբերություններ ու անցյալ ունեն: Հայաստանում կրկին բլեֆ են անում մի երրորդ կողմի համար: