Հայաստանը ծուղակում, իսկ Արցա՞խը…

6

Ղազախստանի նախագահը չի ցանկանում բարկացնել Ադրբեջանին: Հենց նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը քննարկման ժամանակ: Նազարբաևն անգամ ընթերցել է Ադրբեջանի նախագահի նամակն՝ ուղղված ԵՏՄ ղեկավար երկրներին, որտեղ շեշտում է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը 2003թ-ին միացել է ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով՝ այսինքն՝ առանց Արցախի: Այս ելույթի հանդեպ հայկական կողմի անխոնջ լռությունը ապացուցում է, որ Հայաստանը ծուղակում է, որի մեջ հայտնվել է Սերժ Սարգսյան անունով նախագահ ունենալու շնորհիվ:

Ինչու է Ադրբեջանն իր քիթը մտցնում իրեն չվերաբերող կառույցի մեջ և ինչու է Հայաստանը լռում՝ տեսնելով թշնամի երկրի անօրինական քայլերը: Ինչու Սարգսյանը չի խոսում, չի բարձրաձայնում իր բարձրյալին՝ Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանը չի կարող այդ խաղի կանոններով քայլել Ռուսաստանին համընթաց: Այսինքն՝ Նազարբաևի կողմից Ալիևի նամակն ընթերցելու ընթացքում Սարգսյանը փորձեց ինչ-որ բան ասել, բայց ավաղ ռիսկը չբավարարեց: Արդեն նույնիսկ ավելորդ է գրել, որ չի բարձրաձայնում, որովհետև վախենում է, որովհետև իր իսկ լարած ծուղակի զոհն է:

Աստանայում սպասվող ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրման վեհաժողովին դեռևս հայտնի էլ չէր Ս. Սարգսյանին կհրավիրեին, թե ոչ, արդեն պաշտոնական լրահոսով տեղեկացանք, որ Արցախը Հայաստանից զատելու են՝ դրանով իսկ մեկուսացնելով այն: Ս. Սարգսյանը վստահաբար ավելի վաղ էր տեղեկացել այդ մասին, սակայն շարունակում էր սպասել վեհաժողովին հրավերք ստանալուն: Երբերմն ՀՀ նախագահի քայլերն այնքան ոչ շախմատային ու անտրամաբանական են… կամ մի՞գուցե կա տրամաբանություն, որը հասու չէ հասարակ մահկանացուներին:

Հրավերքը եկավ, ԵՏՄ-ն ստեղծվեց, Հայաստանին, իհարկե, միանգամից չներգրավեցին միության մեջ՝ թողնելով հուլիսի 1-ին՝ ընդգծելով, որ դեռ կմտածեն ինչ են անելու Հայաստանի հետ (Արցախին ուր կուղարկեն), իսկ Հայաստանը ներկայացնող Սարգսյանը (այս դեպքում դժվարանում եմ նախագահ կոչել նրան) համաձայնվում է սպասել: Բայց Նազարբաևը չի մոռանում մեկ անգամ էլ ցույց տալու իր ադրբեջանամետ դիրքորոշումը, որով նա բազիմցս փայլել էր:

Հետաքրքրիր մի դիտարկում, Ղազախստանն իր այս քայլով ասես դառնում է Ադրբեջանի դեսպանը Եվրասիական միությունում, քանզի ամբողջ հոգով պաշտպանում է Իլհամ Ալիևի շահերը՝ նույնիսկ չցանկանալով փոքր-ինչ բարկացնել նավթամագնատին, ով թվում է, թե Մաքսային Միության կամ ԵՏՄ-ի հետ գործ չունի, նույնիսկ հետաքրքրված էլ չէ, բայց խոսքի իրավունք ունի և կարող է իր դիրքորոշումը թելադրել: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, այնքան շատ է շտապում մտնել կառույց, սակայն նույնիսկ գլուխը վեր բարձրացնելու իրավունք չունի:

Ս. Սարգսյանը դեռևս շարունակում է գլուխը կախ լսել հրամանները և անշեղորեն կատարել:

Ինչ վերաբերվում է մեր «եղբորը»՝ Ռուսաստանին, վերջինս ջանք չի խնայում Հայաստանին այս կառույց խցկելու համար, բոլոր հնարավոր և անհնար մեթոդները կիրառել է և կրառում է  Ս. Սարգսյանի ու հայ ժողովրդի վրա: Պարզվում է Պուտինը մարդկանց վրա ազդելու հոգեբանական ձիրքեր ունի, որոնք ամեն ամիս մի քանի անգամ կիրառում է Հայաստանի վրա՝ Սարգսյանին վախեցնելու համար: Դրա վառ ապացույցն է, թերևս երկու օր առաջ մի քանի միլիարդ դոլարի տանկ և հակահրթիռային համակարգեր վաճառելը Ադրբեջանին՝ պնդելով, որ դա զութ բիզնես է: Եվ հանուն եղբայրության մենք պատրաստ ենք տանել ռուսական բիզնես ծրագրի ցանկացած իրագործում, տրվել ցանկացած հոգեբանա-բարոյական ճնշման, թեկուզ այն դեմ է մեր շահերին կամ անգամ հօգուտ մեր թշնամու է: Զավեշտալին այն է, որ ռուսական կողմը ծաղրելով է ներկայացնում իր բիզնես ծրագիրը, կարծես զարմանալու ոչինչ էլ չկա: Իրականում զարմանալու ոչինչ չկա, սա ռուսական կողմի իրական դեմքն է, որը մենք միշտ մերժում ենք տեսնել:

 Մերոնք կրկին լռում են:

Եվ ի՞նչ…Արցախը մեկուսացնում են, թշնամուն զինում, Սարգսյանի միջոցով ծուղակներ լարում: Այսօր Եվրասիական տնտեսական միությունը մեզ համար ոչ շահավետ կառույց է, որը չի բխում մեր շահերից ոչ միայն տնտեսական առումով, այլև զութ քաղաքական: Կառույցի հիմնադիրները բացահայտ հակահայ քաղաքականություն են վարում, ինչը բազմիցս անտեսվել է Սարգսյանի և նրա շրջապատի կողմից:

Հարց է ծագում, այս կառույցը Վլադիմիր Պուտինի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ծուղակն է Հայաստանի դեմ ուղղված: Եվ հուլիսի 1-ից ի վեր, ի՞նչ նոր վերադասավորումներ են սպասվում երկրի արտաքին քաղաքականության ոլորտում, և արդյոք Հայաստանից Արցախին մեկուսացնելը  ինչ-որ ազդանշան է իր մեջ պարունակում:

Հապա ո՞ւր է շտապում Ս. Սարգսյանը…