Հայաստանը ԵՄ-ի հետ կհարաբերվի այնքան, որքան որ Ռուսաստանը թույլ կտա

9

Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից պարզ դարձավ, որ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան մտադիր են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն, սիկ Հայաստանը կփորձի համագործակցել այնքանով, որքանով, որ Արևելյան գործընկերությունը չի խանգարի մեր՝ Մաքսային Միությանը միանալուն:

 Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած ասուլիսում նախ  Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց. «Առաջին. ԵՄ հանձնառու է մնում բոլոր վեց երկրների հետ առաջ գնալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մեր մտադրությունները և քաղաքականությունը պարզ են, թափանցիկ, կանխատեսելի և տարբերակվող՝ արտացոլելով մեր գործընկերների հավակնությունները և մեր հարաբերությունների հիմքը հանդիսացող արժեքների և սկզբունքների նկատմամբ նրանց հանձնառությունը։ Մենք միշտ գործել ենք այսպես և շարունակելու ենք դա դեպի Վիլնյուսի համաժողով տանող ճանապարհին և դրանից հետո»։ Ըստ Ֆյուլեի երկրորդ կարևոր հանգամանք էր այն, , որը  կարող էր ի վերջո հանգեցնել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի ստեղծելուն:

Իսկ վերջում հավելեց. «Եվրասիական Միության նախագիծը իր ձևավորման ընթացքում պետք է հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները։ Եվրոպական Միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ կապված Ռուսաստանի սպառնալիքները անընդունելի են։ Եվրոպական Միությունը կաջակցի և կսատարի անպատեհ ճնշումների ենթարկվողներին։ Թույլ տվեք նաև ձեր ուշադրությունը հրավիրել ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ վերջին բռնի միջադեպերի վերաբերյալ Երևանում գտնվող մեր Պատվիրակության հայտարարության վրա։ Եվրոպական Միությունը արտահայտել է իր խորը անհանգստությունը և կոչ արել Հայաստանի իշխանություններին իրականացնել վճռական գործողություններ և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարարեց, որ «Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը։ Հայաստանը առաջ է նայում, և վճռական է մեր եվրոպական գործընկերների հետ միասին պահպանել և զարգացնել այն ձեռքբերումները և առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիների ընթացքում Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում»,- շեշտեց Է.Նալբանդյանը:

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե Ռուսաստանը մեզ ինչ է խոստացել ՄՄ-ին միանալու համար, Նալբանդյանի պատասխանը թերևս դիվանագիտական կտրվածքով անիմաստ էր և ոչինչ չասող. «Մենք, Արևելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի, անգամ դրանից առաջ ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ հետ, մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների»: