Սարգսյանն ընտրեց այն, ինչ արդեն ընտրել էին իր փոխարեն

12

ՀՀ նախագահի Մոսկովյան հայտարարությունը, թերևս այդքան էլ մեծ անակնկալ չէր պարունակում իր մեջ, քանզի արդեն իսկ գրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցերի 99 տոկոսին Սարգսյանը պատասխան չուներ, ինչին էլ տրամաբանորեն պետք է հետևեր Մաքսային միությանը միանալը: Այս քայլով, թերևս Սարգսյանը զրոյականացրեց Եվրոպային մերձենալու իր շանսերը՝ միաժամանակ թույլ չտալով, ինչպես Պուտինն էր կամենում, Եվրոպան մուտք գործի տարածաշրջան: Մաքսային միությունով Հայաստանը ոչինչ չի շահելու ու վստահաբար Սարգսյանը Պուտինի կողմից ոչ մի առաջարկ էլ չի ստացել, ինչն անպայման կտեսնենք ու մեր մաշկի վրա կզգանք առաջիկայում: Պարզապես Վլադիմիր Վլադիմիրովիչը իրեն բնորոշ սառնասրտությամբ ընտրության տարբերակ է տվել՝ իրականում առանց ընտրելու հնարավորության: Արդյունքն ակնհայտ է: Մենք կրկին Ռուսաստանի գերիշխանության տակ ենք, կրկին հույսներս դնում ենք այն Ռուսաստանի վրա, որը 17-րդ դարից սկսած հային միայն սպառնալով է պահում իր թևի տակ՝ երբեք չփորձելով դույզն-ինչ սեփական շահերը նվազեցնել հանուն մեզ: Բայց փաստացի Եվրամիության հետ ասոցացումն էլ մեծ շանսեր չէր տա Հայաստանին, միգուցե որոշակիորեն ապրանքաշրջանառությունը ակտիվանար, ԵՄ մուտք ու ելքը դյուրանար, բայց սա էլ մեզ չէր օգնի փակուղուց դուրս գալու համար: Փաստացի Հայաստանը փակուղու մեջ էր և մնաց: Ինչ վերաբերևում է Սարգսյանի այն հայտարարությանը, որ մենք ոչ թե «կամ, կամ»-ի, այլ «և-և»-ի քաղաքականության կողմնակիցն ենք, իրականում սուտ էր, Սարգսյանն ու իր նախորդները «կամ»-ի քաղաքականությունից չեն էլ փորձել դուրս գալ: