Ի՞նչ է թաքնված «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հետևում

27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:


Շատ գեղեցիկ է հնչում «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» անվանումը, որի միայն անվանումն է ազգային:

Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում սկսվել են «քեմբրիջացման» լուրջ գործընթացներ, որն առաջին հայացքից, իհարկե, շատ գովելի է և ուրախացնող, սակայն երբ սկսում ես այս ծրագրերի բուն նպատակը նկատել, պատկերն անմիջապես փոխվում է: Երբ մարդիկ լսում են, որ իրենց երեխաներին Քեմբրիջի մակարդակի ուսուցիչներ են դասավանդելու, իհարկե, ուրախանում են, քանի այս հաստատատության անունն այնքան պատկառելի է, բայց իրականում արժե՞ ուրախանալ միայն երևույթի անվան վրա: Միայն այն, որ ծրագիրը դրամաշնորհային է, արդեն իսկ կասկած չկա, որ այն ազգային չի կարող լինել, կասկած չկա նաև, որ այն կոնկրետ նպատակի համար է ուղղված, այլ ոչ թե մեր երեխաների կամ ուսուցիչների կրթական մակարդակի բարձացման համար:

Բացատրեմ ինչու: Բոլորին է հայտնի, երբ աշխարհում հայտնի հիմնադրամներ որոշակի ծրագրերի վրա հսկայական գումարներ են ներդնում (ի դեպ, բոլոին հայտն է, որ այդ կազմակերպությունները որտեղից են սնվում և ինչ նպատակների համար են բացվել), ապա պարզ է դառնում Հայաստան հասած այս «քեմբրիջացման» միտումի իրական նպատակները: Հիմա բոլորը կասեն, որ նույնիսկ լավ բաներն ենք քննադատում, նույնիսկ Սերժ Սարգսյանն է դժգոհել այսօր, որ իրենց այս ազգանվեր ծրագրերը քննադատվում են, բայց ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել: Ընդամենը երեկ էր, որ Գալուստ Սահակյանն ԱԺ-ում արագացված տեմպերով «Կրթության բարելավման ծրագիրի ֆինանսավորման համաձայնագիրը»  դրեց քվեարկության: Նույնիսկ պատգամավորները չէին հասցրել ծանոթանալ փաթեթին և տարօրինակօրեն Գալուստ Սահակյանը պնդում էր, որ նախագիծը հենց նույն օրը պետք է ընդունվի: Իհարկե, ընդունվեց նախագիծը, բայց ինչ ենթատեքստ էր այն իր մեջ կրում, մեծ հարց է: Միայն գիտենք, որ դրամամաշնորհային ծրագիր է: Իրականում նյութի նպատակը Քեմբրիջի վատ կամ լավ լինելուն չի ուղղված և ոչ էլ ընդդիմանում է  մեր կրթական մակարդակի զարգացմանն ու բարգավաճմանը: Ամենևին: Խոսքը գնում է այն մասին, որ բոլորս էլ ուրախ կլինենք, որ Քեմբրիջի կրթական ծրագիրը բերվի, և ոչ թե գաղափարները: Այնտեղից մեզ համար բերվի իրական գիտություն ստանալու ձևերը: Բայց այստեղ իրականում բերում են Քեմբրիջի գաղափարները, որոնք չհավատաք, որ կապ ունեն ազգային որևէ համակարգի ու արժեհամակարգի հետ: Քեմբրիջում չեն սովորում Անգլիան որպես ազգային երկիր ինչպիսին է կամ ինչպես կառուցենք ազգային երկիր, կամ ինչ է հայրենիքը կամ լեզուն: Քեմբրիջում սովորում են գլոբալ աշխարհում ապրելու և գոյատևելու պայմանները, որտեղ հայերենը և հայրենիքը տեղ չունեն. գլոբալ աշխարհում բացառվում է ազգային ցանկացած երևույթ: Իսկ մեզ դպրոց է պետք, որտեղ կսովորեցնեն իրական արժեքներ, որտեղ երեխան կսովորի հայերեն, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն և ոչ թե կրոնի պատմություն կամ գլոբալ աշխարհին հարմարվելու ձևեր: Իսկ սա պարզապես գրանտային ծրագիր է, որը մեծ գումարներ է նախատեսել հայ դպրոցը փչացնելու համար, և միանշանակ բացառվում է սպասել որևէ լավ բան դրսից եկող ֆինանսավորումներից: Ցավոք, այս միլիոնավոր դոլարների հասնող դրամաշնորհները ողողել են ողջ հայաստանյան պետական համակարգը՝ կառավարություն, ոստիկանություն, դպրոց, բուհ, պետականից դուրս մասնավոր հատվածը՝ մասնավորապես մամուլը: Սա վտանգավոր միտում է և պետք չէ մատերի արանքով նայել: 

Այս առումով հետաքրքիր է նաև Դիլիջանի միջազգային դպրոցը: Սարգսյանը խոսում է նաև այս  դպրոցի մասին, որն իբր մեծ հաջողություն էր Հայաստանի համար: Ո՞վ կարող է ապացուցել այդ դպրոցի կարևորությունը Հայաստանում: Միայն այն փաստարկը, որ Հայաստանը միջազգային մակարդակի դպրոց ունի, որտեղից դուրս եկող աշակերտներն աշխարհի լավ բուհերում կրթություն են ստանալու, չի նշանակում, որ դա օգուտ է բերում Հայաստանին: Փաստարկ են բերում, որ միջզգային շուկա ենք դուրս գալիս: Սուտ: Այդ դպրոցում հայ ուսուցիչները երկու-երեքն են, ինչը թույլ չի տալիս ասել, որ Հայաստանի տված կրթությամբ են նրանք դուրս գալիս միջազգային շուկա: Բացի այդ Անգլիայում կամ ԱՄՆ-ում իրենց բարձրագույն բուհերում առաջնային տեղը տալիս են իրենց երկրի երիտասարդներին: Ասենք, Օքսֆորդ և Հարվարդ կարող է սովորել ցանկացած ամերիկացի և անգլիացի, ով իհարկե ցանակնում է և ունի նման ընդունակություններ և ոչ թե միայն օլիգարխների կամ նախարարների երեխաները: Առաջին տեղում են իրենց երկրի քաղաքացիներն ու նրանց կրթությունը, հետո նոր դրսից եկածները, իսկ հայաստանյան միջազգային դպրոցում կարևորում են կրթել դրսից եկածներին՝ անտեսելով տեղի երեխաներին: Մյուսը՝ մի՞թե այդ դպրոցից եկամուտ ունի Հայաստանը, մի՞թե այդ դպրոցից օգուտ ունի շարքային հայ երեխան: Իհարկե, ոչ: Դպրոցում սովորել կարող են միայն 10 հայ երեխաներ, իսկ քանի որ այդ դպրոցում ուսման վարձը աստղաբաշխական գումար է կազմում Հայաստանի քաղաքացու համար, ապա բնականաբար այդ դպրոցում սովորելու են օլիգարխների և նախարարների զավակները միայն: Ո՞վ է տեսել մի օգուտ հայ օլիգարխի որդիներից: Չկա նման դեպք, կապ չունի նրանց կրթական մակարդակը: Եթե շարքային հայ երեխան չի կարող նույնիսկ այդ դպրոցի կողքով անցնել, ապա չկա այդ դպրոցից որևէ օգուտ: Այսինքն՝ այն ծառայում է որոշ մարդկանց և ուժերի համար և կապ չունի Հայաստանի հետ, առավել ևս Հայաստանի անունի բարձրացման հետ:

Այսօր Հայաստանին այնքան տխուր աչքերով են նայում ողջ աշխարհում, որ նույնիսկ Օքսֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի մասնաճյուղերի բացումն էլ չէր փոխի աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ:

Վերադառնանք ազգային կրթական ծրգրին և հաջորդ ուշագրավ ինֆորմացիան ազգային ծրագրի աջակիցների խումբն էր՝ մասնավորապես «Այբ» կրթական հիմնադրամը: Միայն մեկ օրինակը բավարար է «Այբ» կրթական հիմնադրամի իրական դեմքի բացահայտման համար: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների հիմնադիր և խորհրդի անդամ Արամ Փախչանյանը վերջերս իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում ներկայացրեց, թե ինչպես են իրենք հայերեն լեզուն սովորեցնում իրենց կրթահամալիրում: Փախչանյանի օրինակը  շատ կարևոր է. նա ասաց, որ իրենք երեխաներին չեն ուզում խճճել և ուղեղները ծանրաբեռնել հայերեն առարկան ուսումնասիրելիս և դրա համար երեխաներին ազատում են հայերենի ճոխ բառապաշարի բեռից՝ սովորեցնելով, որ հայերենում մեզ պետք չեն այդքան շատ հոմանիշներ, քանզի դրանք բարդացնում են լեզուն, և որ շատ լավ է, որ ամեն բառ մեկ նշանակություն և իմաստ ունենա: Եվ օրինակը՝ ասենք ասում ենք ձի, էլ հարկավոր չէ, որ երեխան իմանա, որ ձիուն նաև նժույգ են ասում:  Իզուր ենք մենք ամեն օր հպարտանում, որ հայերենը ճկուն լեզու է և ամենաշատ բառերը կարող ենք գտնել հենց մեր լեզվում, պարզ լեզու ունենալն ավելի հեշտ է: Եվ այս Փախչանյանը որոշել է կրճատել հայերեն բառերը, քանզի դրանք իրեն խանգարում են: Հիմա ասեք, ԱՅԲ-ի հետ համարտեղ հնարավո՞ր է իրականացվեն ազգային ծրագրեր: Պատասխանը մտածեք ինքներդ:  Իսկ օրինակները բազմազան են:

Պարզապես պետք է հասկանալ, որ դպրոցը հասարակության, պետության զարգացման ամենակարևոր օղակն է, և ապագա սերունդը կրթվում է հենց դպրոցում: Եվ եթե թույլ ենք տալիս օտարամոլ ծրագրեր մտնեն մեր դպրոցներ, առավել ևս հայի անուն-ազգանունով մարդիկ, ովքեր փորձում են աղավաղել հայերենը, կասկած չկա նաև պատմությունը, ապա թույլ ենք տալիս, որ մեր ապագա սերունդը ստանա սխալ կրթություն և դաստիարակություն, որը չի բխում մեր ազգային շահերից: Իսկ ինչո՞ւ պետք է դպրոցը լինի ազգային: Երբ մենք ունենանք ազգային ոգով դաստիարակող դպրոց, որում ոչ թե միայն խոսելու են հայրենասիրության (քանզի շատերին թվում է ազգային ասվածը միայն հայրենասիրությունն է), այլ իրապես կրթելու են և երեխային, պատանիին տալու են իրական և ոչ կեղծ գիտելիքներ, որտեղ երեխան կսովորի հայեցի ապրելու և առաջ գնալու կանոնները,  ապա միայն այդ դեպքում կարող ենք հպարտանալ, որ նման կառույց ունենք: Իսկ օտար կրթօջախների օրինակը մեզ համար երբեք գովելի չէ: Նույն Բոլոնյան համակարգը, որը ևս դրսից բերեցին, այն իրեն չի արդարացնում, բայց քանի որ դրսից է և պարտադրված, ապա մենք շարունակում ենք առաջ ընթանալ հենց այդ համակարգով, որը գրեթե բացառում է ԲՈՒՀ-երում գիտելիք ստանալու շանսերը, և ամեն տարի հազարավոր զոմբիների պարզապես դիպլոմ ստանալու միջոց է դարձել: Ոչինչ ավելին: Ինչո՞ւ թույլ տանք, որ դպրոց էլ մտնի պարտադրված, դրսից թելադրվող համակարգ, չնայած որ արդեն իսկ 12-ամյա կրթական համակարգը մտցրին, որին դեռ պատրաստ չէր մեր կրթական համակարգը:

Բավ է օտարի հարսին բարի աչքով նայենք, հարկավոր է ներսի եղածը գնահատել և զարգացնել՝ ամենևին չզիջելով աշխարհին:

 Ի դեպ, նյութը չի քարոզում աշխարհից մեկուսացում: