Գեների կանչով. Ազգային երգն ու պարը՝ ինքնաճանաչողության ուղի

80

Ապրիլի 29-ին պարի միջազգային օրն էր, և Կարապի լճում անցկացվեց մի հիանալի միջոցառում: Միջոցառումը եզակի չէր: Նման միջոցառումներ արդեն մոտ 6-7 տարի է՝ անցկացվում է Կարին համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից: Եվ այս ամենի ֆոնին ավելի է կարևորվում ազգային երգն ու պարը դպրոց մտցնելու ծրագրին ևս մեկ անգամ անդրադառնալը: Իրականում բաց հարցեր շատ կան: Նախ շատերը չեն տարբերակում ժողովրդական և ազգային երգն ու պարը: Նախ և առաջ այս բացը լրացնելու համար լուրջ աշխատանք պիտի տարվի և տարվում է:

Երկրորդ՝ մաքուր ազգային պար ասելով՝ չպիտի հասկանալ կաղապարված, քարացած երևույթ, ինչպես նաև չպիտի հասկանալ իր իմաստն ու որակը կորցրած շարժումների հավաքածու: Օրինակ՝ ժողովրդական պարերում ազգայինի տարրեր կան, բայց քանի որ ենթարկվել են իմպրովիզացիաների և բազմաթիվ մշակումների, ազգային տարրը կորցրել են, այսինքն չեն կարող դիտարկվել որպես ազգային պար: Ժողովրդական պարերը բեմական են: Իհարկե, իրենք էլ գոյության իրավունք ունեն, և մարդն ազատ է ընտրել, թե ինչ է ուզում պարել: Բայց սխալ է ազգային պարը խառնել կամ նույնականացնել ժողովրդականի հետ, քանի որ չի կարող տարբեր ժողովուրդների պարերի համաձուլվածքը՝ համեմված բալետային շարժումներով լինել ազգային:

Երրորդ՝ երգը պարից անջատելու մասին շատ է խոսվել, և եթե Կոմիտաս ուսումնասիրենք, Սրբուհի Լիսիցյան, կամ Սևակի խոսքերին ականջալուր լինենք, կհասկանանք, որ Խորհրդային միության ժամանակաշրջանում իրականացված տարանջատումը և այլ մշակույթների հետ համաձուլումը, կոտրել է մեր ազգային երգ ու պարի մեջքը: Բայց ի ուրախություն մեզ՝ վերջին տարիներին այդ բացն աստիճանաբար շտկվում է:

Չորրորդ՝ դպրոց պիտի մտնի ազգային պարը, ոչ թե՝ ժողովրդականը: Ժողովրդականի մուտքը դպրոց տարօրինակ կլինի, որքան որ տարօրինակ կլինի՝ երեխաները սովորեն կիսահայերեն, կիսառուսերեն, կիսահունարեն լեզուների մի ինչ-որ խառնուրդ և այն համարեն հայերեն: Այսինքն՝ ժամանակն է, որ մենք ունենանք ազգային երգ ու պարի բարձրագույն հաստատություն, որի օգնությամբ ոչ միայն կվերականգնվի ու կպահպանվի մեր ազգային երգն ու պարը, այլև կզարգանա: Ժողովրդական պարը մշակույթների համաձուլվածք է: Ինչպես մեր մտավորականներից մեկն է ասում՝ ժողովուրդը տեղանքային և տվյալ պահի մեջ բնորոշվող երևույթ է, օրինակ կովկասյան ժողովուրդներ հասկացությունը: Իսկ ազգը շատ ավելի խորը բնորոշում ունի՝ հայրենիք, ծագում, լեզու, մշակույթ, հող, պատմություն, արժեհամակարգ, ինքնություն, նվիրում և այլն:

Հինգերորդ՝ ազգային երգն ու պարը ոչ միայն հոգևոր, այլև կենցաղային են, քանզի նվիրված են եղել հայ մարդու նիստ ու կացին, կենցաղին, ամուսնություններին, թաղումներին, որսին ու ռազմական գործողություններին, բնականաբար ժողովրդական պարերում չի կարող լինել այս ամենը, քանզի այն հորինվածք է:

Վեցերորդ՝ չանտեսելով նյութական միջոցների կարևորությունը, այնուամենայնիվ, պետք չէ կառչել նյութից և փորձել եղած միջոցներով անել անհնարինը: Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Եթե սպասենք այդ միջոցների առկայությանը, շատ ավելի մեծ կորուսներ կունենանք: Միշտ էլ շարժիչ ուժը եղել են նվիրյալները, և այսօր էլ Նրանց պակասը չկա:

Եվ վերջապես միայն ազգային երգ ու պարից կարող ես ստանալ ոգեղենություն: Օրինակը պարզ է: Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ և 7 տարի առաջ՝ 29 տարեկան հասակում, առաջին անգամ հարաբերվել եմ ազգային երգ ու պարի հետ: Դա այն կետն էր, ինչի շնորհիվ ես արժևորեցի իմ ազգային պատկանելիությունը, կարևորեցի ազգիս ճանաչողության ուղին, դրա ոգեղենացնող ալիքը, և վերջապես գեների կանչը: Ազգային մշակույթը իմաստավորում է իմ կյանքում ամեն ինչ, արժևորում անելիքներս ու լինելիությունս:

Տիգրան Մարտիրոսյան

Ծրագրավորող