Բալայանը Ղարաբաղի համար թաղման ծես է կազմակերպում, ինչպես Գետադարձը՝ Անիի

25

Մտավորականության բացակայությունը միայն կարող է ազգին հասցնել այս փախեփախ վիճակի: Սակայն ավելի սոսկալի է, երբ իրեն մտավորական կոչողն է ազգին ողմորմելի ու անհանդուրժելի վիճակի մեջ գցում: Սակայն պատմությունը, ցավոք, մեզ շատ է տվել նման օրինակներ: Զորի Բալայանի լացկան ու ողորմացող նամակը դարձավ 21-րդ դարի ամենանողկալի ողորմությունն ուղղված հայ ժողովրդի անունից: Ժողովուրդ եմ ասում, քանզի Բալայանը նույնիսկ չի էլ տարբերում ազգ ու ժողովուրդ հասկացողությունները: Ցավոք, նա այդ նամակն ուղղել էր հայ ժողովրդի անունից: Սակայն ի՞նչ իրավունքով: Բալայանը նամակում հիշեցնում է Գյուլիստանի պայմանագրի մասին, որով Արևելյան Հայաստանն անցավ Ռուսաստանի կազմի մեջ և Բալայանը պահանջում է, որ այսօր այդ պայմանագիրն իր ուժը վերագտնի ու ամեն ինչ լինի այնպես, ինչպես Գյուլիստանի ժամանակ էր: Բալայանը բազմիցս աղերսում, խնդրում, թախանձում է Պուտինին, որ կարդա իր նամակը և հասկանա ու ընդունի, որ խնդիրը Ղարաբաղինը կամ Ադրբեջանինը չէ, խնդիրը Ռուսաստանինն է: Բալայանը գրում է. «Այդ փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես մեր ընդհանուր տարածքի վրա ստեղծվեց նոր թուրքական հանրապետություն՝ սահմանային ծայրամասում»։ Պրն Բալայան, Ռուսատանն ուր էր, որ Հայաստանը կար, ով էր ռուսը, որ մենք ծովից ծով էինք, որ ունեինք Վանի հզոր թագավորներ, Երվանդունիներ ու Արտաշեսյանններ: Ո՞ւր էր, Ձեզ տվել եք հարց, չէ որ անընդհատ շեշտում եք, որ գրող եք, որ ձեր տետրերում ամեն ինչ կա, հարկավոր չէ շատ խորանալ, պետք է ընդամենը պատմության գրքերը բացել և տեսնել, թե Ռուսաստանը, երբ է հայտնվել պատմության թատերաբեմում և ինչպես: Բալայանը բերում է նաև պրիմիտիվ օրինակներ, հասնում մինչև Եղիշեն և անահավատալիորեն գրում. «Մտածեք, խնդրում եմ, տեսանելի ապագայի մասին։ Ինձ երբեմն թվում է, թե այդ Ձեզ, Մինսկի խմբի Ձեր գործընկերներին է տասնվեց դարերի խորքից դիմում մեծ պատմիչը, եպիսկոպոս Եղիշեն, Ավարայրի ճակատամարտի մասին (ճակատամարտ, որտեղ հայ ժողովուրդը արյան գնով կարողացավ պահպանել քրիստոնեությունը) իր գրքում բերելով հետևյալ միտքը. «Անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երևում է ապագան»։ Ի սեր Աստծո, պրն Բալայան Ավարայրի ճակատամարտը լրիվ այլ պատմություն է, որը Եղիշեն խիստ սուբյեկտիվ է ներկայացրել և հարկ չկա Ղարաբաղի հարցն այսօր դարձնել Վարդանանց հարց: Եվ հարկ չկա Մինսկի խմբին ու Պուտինին աստվածացնել ու սարքել ազգի հերոսներ, ովքեր բնավ հեռու են այդ կոչունը կրելուց:
Մի՞թե լինելով  Արցախյան ազատամարտի վկաներից՝ ձեր ներսում չկա խղճի խայթ, որ Ձեր այս նամակով Արցախյան ազատամարտի յուրաքանչյուր նահատակի, հերոսի ու այսօր ապրող ազատամարտիկի եք վիրավորում, նրանց արյունն եք գետնով տալիս՝ Ղարաբաղը համարելով Ռուսաստանի խնդիր, իսկ Ռուսաստանի՝ միակ փրկիչ: Ե՞րբ եք, ի վերջո, դուրս գալու 6 դարյա թմբիրից ու գոնե ձեր կարկառուն հասակում, մի կողմ դնելով անձնական բոլոր շահերը, պատմությանը նայել հայեցի: Մեր հերոսի քրտինքով ազատագրված հողերն ի՞նչ իրավունքով եք նվիրում ռուսներին: Բալայանը թերևս իր գործունեությունը ավելի ծավալուն դարձերեց հենց 1990-ականներին, մասնավորապես հայտնի հացադուլը 1990 թ-ի՝ հոկտեմբերի 9-29-ը: Շատ ջրեր են հոսել, նույնիսկ շատ քայլեր այսօր հայանպաստ էլ չէ բարձրաձայնելը, որոնք արվել են ու որոնց համար մինչ օրս մենք ենք պատասխան տալիս:

Թերևս զարմանալն անիմաստ է, երբ պատմության էջերում շատ են բալայանները, ովքեր իրենց հողերն ու քաղաքները նվիրել են հարևաններին՝ կարծելով, որ հարևանը տիրոջից ավելի լավ կպահի: Կա մեկը, ով չի հիշում Բագրատունիների շրջանում Պետրոս Գետադարձ կոչվող կաթողիկոսին, ով, բյուզանդացիների հետ դավեր նյութելով, հասավ նրան, որ Անիի բանալիները հանձնեց վերջիններիս, ու իբր թե խիստ վրդովված լինելով՝ քաղաքի թաղման ծես կազմակերպեց, դա 1000 տարի առաջ էր: Բայց մինչ Պետրոս Գետադարձը, նույն Բագրատունյաց տոհմից Հովհաննես-Սմբատ թագավորն իր հողերը կտակեց բյուզանդացիներին: Հետո որոշ ժամանակ անցավ, երբ սելջուկ թուրքերն էին մոլեգնում մեր երկրում, Կարսի Գագիկ Աբասյան թագավորը, չկարողանալով դիմադրել թուրքերին, իր հողերը կտակեց Բյուզանդիային: Եվ այսպես պատմության մեջ բազմաթիվ են դավաճաններն ու տկարամիտները, ովքեր կարծում են, որ երրորդ երկիրը կփրկի իրենց: Այսօր Բալայանն է ուզում Ղարաբաղի թաղման ծես կազմակերպել ու կտակել ռուսներին՝ ի դեմս Պուտինի, ով բյուզանդացիներից, սելջուկ թուրքերից, մոնղոլներից ու դրանց ժառանգներից ոչնչով չի տարբերվում: 
Բալայանը նշում է Ալեքսանդր Առաջինին ու հիշեցնում Գյուլիստանի պայմանագրի կետերը, որով ապացուցվում է, որ «դաշնագրում հստակ որոշված է Կասպից ծովի ճակատագիրը «բոլոր ժամանակներում»։ Տերը մեկն էր՝ Ռուսաստանը։ Եվ հենց այդ տերը պետք է իշխի տարածաշրջանում»:

Մոռանալով, միգուցե չիմանալով, որ Ռուսաստանի մեկ այլ ցար՝ Պետրոս Առաջինն իր կտակում հայերին նվիրված կետ ունի, որի առաջին մասը Պուտինը միշտ ասում է, բայց երկրորդ հատվածը նույնիսկ ռուս գրականությունից է դուրս մնացել, մասնավորապես այն, որ «հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով»։ Այսինքն՝ Կասպից ծովում Ադրբեջանական դրոշի միջոցով էլ հենց մտադիր էին հայերին ոչնչացնել, պրն Բալայան:

Բայց ամենևին էլ զարմանալի չէ պրն Բալայանի ողորմագին խոսքերը, քանզի նա առաջին անգամ չէ, որ ռուսապաշտության հորդոր է անում: Բալայանը, ով նույնիսկ հայերեն էլ չի գրում, բայց իրեն համարում է հայ մտավորական (նրա հայերեն տպված բոլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), իր «Օջախ» կոչվող գիրքում, որը լույս է տեսել դեռևս 1981թ., շարունակում է ռուսներին հաճոյանալ․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից»: Տեսնում եք, ոչինչ չի փոխվել, միայն Բալայանը տարիք է առել, սակայն ոչինչ ավելին:

Ասենք Զորի Բալայանի պես դեռևս Իսրայել Օրին էր հավատում, որ հայերին կփրկի Գերմանիայի մի փոքրիկ իշխանության տիրակալ, ում խնդրում էր, որ իր զորքով գա Հայաստան, պատերազմի Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրի ու վերականգնի հայոց թագավորությունը։ Եվ Օրին էլ հավատում էր, որ գերմանացի այդ իշխանիկը այդքան ճանապարհ կանցնի ու կփրկի Հայաստանը, ինչպես Բալայանն է երազում ու աղերսում Պուտինին:

Պրն Բալայան, պատմությունն ապացուցում է, որ մի երրորդ երկիր երբեք չի կարող փրկել մեզ ինչ-որ թշնամուց, քանզի նույն երրորդ երկիրն ունի իր անձնական շահերը, որոնք հիմնականում չեն համընկնում մերի հետ: Եվ վերջում «մեծն մտավորականը» ներողություն է հայցում «մեծն» Վլադիմիր Վլադիմիրովիչից, որ այդքան երկար ու ապազգային նամակ է գրում իր տիրոջը և անհանգստացնում այս աշխարհագրական ծանր պայմաններում, ինչ-որ փոքրիկ Հայաստանի համար խնդրում, որ գա տեր կանգնի, չէ՞ որ ինքն այլևս չի կարող լռել: Կամ էլ պատվիրատուն էլ չի կարողանում չխոսել:

ԱՄՈԹ է, երանի մենք այլևս չունենանք Գետադարձեր, Բալայաններ, Աբասյաններ ու նրանց նման ապազգային կերպարներ: Եվ ի վերջո մեր կողքին ունենաք իրական հայ մտավորականներ, ում կարիքն այդքան զգում ենք: