Ամենաճշմարիտ, ամենաազնիվ արժեքն է հայրենիքը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

54

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում մի հետաքրքիր հարցազրույց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ: Կարապետյանը վստահ է, որ հայրենինքն է ամենաազնիվ արժեքը, որից պետք է կառչել: Ստորև Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից հատվածներ, իսկ այն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյությում:

-Պարո՛ն Կարապետյան, այսօր, երբ խոսվում է Արևմտյան Հայաստանի և ինչ-որ չափով պահանջատիրության մասին,ապա նշվում է, որ մենք միայն պահանջում ենք ետ վերադարձնել մեր եկեղեցիները, բայց մի՞թե մենք  այնտեղ միայն եկեղեցիներ ենք թողել: Այսօր թուրքն ու օտարազգիներն ամեն օր հողի տակից մեր գանձերն են հանում և իրենց համար պատմություն հյուսում, պարզվում է՝ մեզ դա նույնիսկ պետք էլ չէ: Ի՞նչ կասեք այդ մասին:

 -Մենք ընդամենը մի քանի օր առաջ Մշակույթի նախարարի մոտ ժողովի էինք, որին մասնակցում էին տարբեր հիմնարկների պատասխանատուներ՝ այդ թվում՝ մեկ հոգևորական՝ Տեր Ասողիկը: Տեր Ասողիկն ասաց, որ Արևմտյան Հայաստանում Պոլսո Պատրիարքարանը դեռ 1910-ական թվականներին կազմել էր կենդանի եկեղեցիների ցանկը: Սա էլ նոր բառերից է՝ եկեղեցին քանդված չէ, խոնարհված է, կամ ասենք, եկեղեցին գործող չէ, այլ կենդանի է: Եվ Տեր Ասողիկն այդ կենդանի եկեղեցիների ցանկն էր շեշտում՝ ասելով, որ եկող տարվա Եղեռնի 100-ամյա տարելիցին անպայման դրանք շեշտվեն: Շեշտվի, որ այսքան կենդանի եկեղեցի ունեինք, որոբք՝ քանդվել են: Երբ խոսքը ինձ հասավ, ասացի, որ նախ Պոլսո Պատրիարքարանը 1910-ական թվականներին ձեռքի տակ ուներ միայն գործող եկեղեցիների ցանկը, այն էլ  դրանց նշանակալի մասը Անատոլիայում էր և նույնիսկ Եվրոպական Թուրքիայում, մեր հայրենիքի եկեղեցիների ցանկը չեն դրանք: Եվ բացի դա՝ որպես կանոն, նախ որ մեր հայերնիքը մոտավորապես 30-33 տոկոս էր հայաբնակ: Կային գյուղեր, որտեղ ցեղասպանությունից 10 տարի առաջ, նույնիսկ Համիդյան ջարդերից հետո այլևս հայ բնակչություն չկար, և եկեղեցի էլ չէր գործում, բայց եկեղեցու շենքը կար, ուղղակի չէր գործում, քանի որ հայ չկար: Եվ Համիդյան ջարդերից հետո մենք բազմաթիվ գյուղեր ունեինք, որտեղ հայ բնակչություն այլևս չվերականգնվեց: Կամ գյուղը, որ ուներ երեք-չորս եկեղեցի մեկը մնաց գործող, մնացածը չէին գործում: Հիմա, թուրքերն այս մեկ դարի ընթացքում ոչ միայն քանդել են այն եկեղեցիները, որոնք գործում էին 1910-ականներին՝ մինչև Մեծ Եղեռնը, այլև քանդել են բոլորը, նույնիսկ դարեր առաջ արդեն ամայացած, չգործող եկեղեցիները, վանքերը, մատուռները: Ամենն են քանդել: Գործողները մոտավորապես մեկ քսաներորդ մասն են՝ պաշտամունքային քրիստոնեական գոյություն ունեցող կառույցների: Այդ ցանկի մեծ մասը նույնիսկ Մեծ Հայքի տարածքում չեն՝ Արևմտյան Հայաստնաում չեն: Այսինքն՝  երևակայեք, որ եթե մարդն ինքն իրենից լուր չի ունենում, ի՞նչ խեղկատակ վիճակի մեջ կարող է հայտնվել: Պահանջում ենք մեր կենդանի եկեղեցիները: Հիմա պահանջում են, կամ ուզում են, որ դա ներկայացվի որպես մշակույթի ցեղասպանություն: Այդ կենդանի եկեղեցիները մեկ քսաներորդ մասն էին, մնացածից ձեր ձեռքները լվացել ե՞ք:  Առաջինը այն, որ Հայ Առաքելական եկեղեցին լուր չունի, թե դարերի ընթացքում ինչ հուշարձաններ  ուներ: Հա, նա էլ (Տեր Ասողիկը) շեշտեց, որ հուշարձան չէ, այլ եկեղեցի է, չի կարելի հուշարձան ասել: Ես էլ շեշտեցի, որ թուրքերը միայն եկեղեցները չեն քանդել, որ ասենք միայն եկեղեցի: Թուրքերը քանդել են հայկական բնակելի տները, հայոց դպրոցների շենքերը, բերդերը: Տիգնիս բերդը 10-ամյակներ քարհանք է ծառայել: Մեր աղբյուրներից ու կամուրջներից օգտվել են, բայց շինարարական արձանագրությունները անհետացրել են: Ջրաղացներն են քանդել: Վերջապես սրանք բոլորը տարբեր տեսակի հուշարձաններ են, և չես կարող հատ-հատ թվարկել, դրա համար մեկ բառ գոյություն ունի՝ պատմական հուշարձաններ: Բոլոր գերեզմանոցները քանդել են, գերեզմանոցը եկեղեցի չէ: Մենք ընդհանրապես փորձում ենք միտումնավոր, թե մեր տգիտության պատճառով, չգիտեմ, կամ միգուցե երկուսն էլ, բայց փորձում ենք այն, ինչ-որ դարերից մեզ իբրև նյութական մշակույթի հիշատակ ժառանգվել է, անպայման դիտարկել, ընկալել  իբրև վանք ու եկեղեցի:

-Այսինքն՝ մենք միայն եկեղեցին ենք համարում որպես արժեք, մշակութային կոթող:

-Քանի որ Հայ Առաքելական եկեղեցու համար այդպես է, ապա ինքը փորձում է իր հասկացածը բոլորին նույն կեպ հասկացնի:

-Բայց շարքային հայը հենց այդպես էլ մտածում ու հասկանո՞ւմ է:

-Ուրեմն, հաջողության հասել է: Ուրեմն, Հայ Առաքելական եկեղեցին իր տգետ արշավի մեջ հաջողություն է արձանագրել: Մենք էլ սա պիտի արձանագրենք, որ եթե հասարակ քաղաքացին ինքն էլ պատմական հուշարձան ասելով հասկանում է միայն եկեղեցի ու վանք, ուրեմն ինքը ընդունել է, և իր գլխի մեջ էլ տեղ է գտել  այն տգետ, անխոհեմ գաղափարը, որի հեղինակն է Հայ Առաքելական եկեղեցին իր սպասավորներով:

-Խոսում են, որ Երևանում քանդում են 19-20-րդ դարերի շենքերը՝ աղավաղելով հին Երևանի դեմքը, մի՞թե հին Երևանը 19-20-րդ դարերով է սահմանափակվելու: Չէ՞ որ այսօրվա Երևանի ողջ ստորին շերտում է թաքնված իրական Երևանը: Իրականում ո՞վ քանդեց Երևանը:

-Երևանի խնդիրը շատ բարդ է: Եվրոպական երկրներներում այսօրվա ստեղծված իրավիճակում լուծում կգտնեին: Միայն թե կուզեի սխալ չհասկացվեմ: Ես ինքս գտնում եմ, որ Ալեքսանդր Թամանյանի նախագիծն իսկապես… այսինքն մարդը գուցեև հատուկ տաղանդի, իր ոլորտում հանճարի մակարդակի ստեղծագործող էր, բայց մի Գրիգոր Լուսավորիչ էլ ինքն էր՝ «Կորչի՛ հինը, կեցցե՛ նորը»: Այդպես չի լինում: Բոլոր նորմալ քաղաքներում կա հին քաղաք, նոր քաղաք: Սկսած Մերձբալթյան երկրներից հին Տալին-նոր Տալին, հին Ռիգա-նոր Ռիգա և այլն և այլն: Մինչդեռ մեզանում արվեց մի նախագիծ, և դա դրվեց դարեր ի վեր զարգացած, կառուցապատված մի ուրույն հատակագծով, ձևավորված մի քաղաքի վրա: Հին քաղաքը գրեթե հաշվի չի առնվել: Մի նոր քաղաք պիտի ստեղծվեր: Եվ ստեղծվել է: Եվ երբ հրապարակում քանդեցին, տեսանք հին շենքերի նկուղային հարկերը, որ բոլորը թաղակապ էին: Բոլորը մնացել են հողի տակ, բայց որտեղ էլ որ քանդում են Երևանում, մի հին շինություն դուրս է գալիս:  Սխալն ի վերուստ է գործվել: Գոնե, լավ է նախագծեր են ստեղծել, որ վերականգնեն հինը: Բայց ստեղծես նոր քաղաք հնի վրա, հնի կորստի հաշվին պիտի անես: «Նորմալ» կորուստներ են սրանք, «նորմալ» կորուստներ:

-Եվ ի վերջո, բերել են կրոն, որը քանդեց հինը՝ փորձելով ստեղծել նորը, բերել են ճարտարապետություն, որը քանդեց ու քանդում է հինը՝ ստեղծելով նորը, բերել են իշխանություններ, որոնք նոր գաղափարների կողմնակից են, գլոբալիզմի վառ կրողներ: Չե՞ք կարծում, որ շատ են համընկնումները:

-Ամեն մի ազգային տեսակ իր գաղափարաբանության պտուղն է: Եթե դու չես ապրում և չես ապրել հանուն հայրենիքի, սրանք շղթայական կապի մեջ են, այս բոլոր երևույթները: Դու չես գուրգուրում հայրենի հնավանդ կառույցներդ, հիշատակներդ: Ժամանակակից գերեզմանոցները գնացեք, 20-30-ական թվականների տապանաքարերն են հրում, գցում, գլորված են աջ ու ձախ: Տեղը նորը և…Այսինքն՝ դու ոչ քո պապիդ կամ պապիդ հոր, ավելի հին չեմ ասում, հիշատակը հարգող ես, պատիվը պահող: Նախնյաց հիշատակների հարգող չկա, փոխադարձ հարգանք չկա, «ես»-ը տիրապետում է: Ամեն մեկի «ես»-ը, մեկը մյուսից առաջ ընկած «ես»-ի մրցավազքի մեջ է: Սա առնչվում է ազգային տեսակին, տեսակն է այդպիսին: Իսկ ցանկացած ազգի մոտ տեսակը ձևավորվել է ազգային հավատքի գաղափարաբանության ներքո: Երբ որ հայրենիքի պաշտամունքով չես ապրում, երկիրդ անպայման վերածվում է խոզանոցի, ինչպես որ կա:

-Այսինքն՝ դարեր ի վեր տեսակի ոչնչացո՞ւմ է տեղի ունենում:

-Խոտան տեսակը հովանավորվել է: Խոտան տեսակը, հայրենիք չպաշտող տեսակը մեր թշնամիների կողմից հովանավորվել է, և ամեն ինչ արվել է՝ իբրև բնիկ ազգ մենք մեր արմատը չզգանք, դավաճան լինենք մեր արմատներին, ապրենք առանց արմատի թելանդրանքի:

-Ամբողջ  հայոց պատմությունը կեղծվել է, և այսօր արդեն նոր բան են շահարկում՝ ասելով իբր հայերը  բնիկ չեն Հայկական լեռնաշխարհում: Նույնիսկ դա են շահարկում:

-Պատահական չէ, այսօր էլ կան շատ «գիտնականներ», որոնք գտնում են, որ ասում են հայերը եկվորներ են: Այս ամենը տեսակն է ծնում: Այս ամենի ակունքը տեսակի մեջ է: Ելքը… հատիկ-հատիկ, քայլ-քայլ, փոքրիկ քայլերով ճշմարտությունը բացահայտելն է: Քաջություն ունենալ ճշմարտությանը ուղիղ նայելու, չխուսափելու  ճշմարտությունից: Դրա համար աշխատանք պիտի տարվի: Աշխատանք գաղափարների, մտքերի հետ, որովհետև 3-րդ հազարամյակում ենք, ամոթ է առաջնորդվել հրաշապատումներով, այդ հեքիաթները պետք է հետևում թողնենք… մենք ընդհանրապես պետք է կրոնը ոչ թե երկրորդ, երրորդ տեղում դասեինք, այլ ընդհանրապես պիտի չկարևորեինք: Հիմա մենք մի իրավիճակում ենք, որ ունենք տարբեր կրոնների հայեր, և այս կրոնները ազգը պառակտելու լավ ճանապարհ են, ինչպես կուսակցությունները աշխարհիկ դաշտում, այնպես էլ կրոնները հոգևոր դաշտում: Նույն գործն են անում՝ ազգը պառակտելու: Ազգը միավորող միակ արժեքը, գերակա արժեքը, հայրենիքն է, որ կարող է բոլոր հայերին անկախ հավատքից համախմբել: Եթե հայրենիքը արժևորվեր մեր երկրում, նույնիսկ աղանդավորը աղանդավոր չէր դառնա: Ամենաճշմարիտ, ամենաազնիվ արժեքն է հայրենիքը: Մարդը պիղծ չի ծնվում, մարդը ժամանակի մեջ է ընկնում  խոտոր ճանապարհներ, մարդուն ազնվացնող արժեքը հայրենիքն է: Վեհացնողը, վեր բարձրացնողը հայրենիքն է: