«Տակառից» դուրս եկողները շատացել են

7

Բժշկուհի Կարինեն ամուսնու հետ համատեղ ապրել է շուրջ 10 տարի: Ինչպես ինքն է ասում` սկզբում բավականին երջանիկ էին, հետո քիչ-քիչ հարաբերությունները վատացան: Պատճառը` Կարինեի չբերությունն էր, հետո նաև սկեսուրի փնթփնթոցը, ամուսնու հետ վեճերը, վերջում` դավաճանությունը. «Հետո իմացել եմ, որ նախկին ամուսինս ամուսնացել է ու երեխա կրկին չունի: Ես միայնակ եմ ու չեմ զղջում»,- ասում է նա, հետո շտկում . «Չէ, ավելի ճիշտ շատ եմ զղջում, էն ժամանակ երջանիկ էի…»:
Երջանիկ է թե ոչ, բայց ասում են, որ ամուսնությունը մի «տակառ» է, որտեղ չամուսնացածները ուզում են մտնել, որից ամուսնացածները ուզում են դուրս գալ: Թե նախորդ տարի քանիսն են ցանկացել այդպիսի տակառից դուրս գալ` Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ չունի, այն պարզ կլինի, ավելի ուշ: ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ տարեց տարի` սկսած 2005-ից, ամուսնալուծությունների թիվը գնալով աճել է, սակայն 2010-ին փոքր-ինչ նվազել` հասնելով մոտ 2900-ի: Երևանում տղամարդիկ ամուսնալուծվում են մոտ 28 տարեկանում, կանայք` 24, իսկ գյուղերում կանայք` 22, տղամարդիկ` 27 տարեկան հասակում: «Տվյալները կարող են նաև խաբուսիկ լինել» տարբեր հանգամանքեր հաշվի առնելով ասում է` Նոր Նորք ՔԿԳ բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը: Նա փաստում է, որ ամուսնալուծություննների թիվը ռեալ չի կարող լինել, քանի որ շատերը խուսափում 10 կամ 15 հազար դրամի տուրքից. «Օրինակ այսօր մի քանի հոգի եկել էին ամուսնալուծության դիմում գրելու, բայց իմացան, որ պիտի փող վճարեն, գնացին ու չեկան, երևի չեն էլ գա»,-ասում է Հարությունյանը: Ամսեամիս ամուսնալուծությունների թիվը գրեթե չի փոփոխվում: Այն տատանվում է 17-22-ի սահմաններում: Ի դեպ, գաղտնիք չէ, որ շատացել են նաև ֆիկտիվ ամուսնությունների թիվը. Սա վկայում է Հարությունյանի երկար փորձը` «Պատահում է, որ Ռուսաստան գնալու և այնտեղ գրանցում ստանալու համար այստեղ ամուսնալուծվում են»:
Հոգեբանները ևս առնչվում են ամուսնալուծվողներին կամ «տակառից» դուրս գալ ցանկացողներին: Ու ինչպես «Ապագա կենտրոն» հոգեբանական ծառայությունների ղեկավար Արմեն Բեջանյանն է փաստում` բազմաթիվ են այն դեպքերը, երբ ընդամենը մի քանի մասնագիտական խորհուրդները ամուսնալուծության եզրին հայտնված ամուսիններին օգնել են հետ կանգնել այդ որոշումից: Ըստ հոգեբանի` ամունալուծության պատճառները 7-ն են ու կան նաև ճգնաժամային փուլեր: Բարդ են հատկապես այն դեպքերը, երբ դրանք համընկնում են: Ամունալուծության պատճառ կարող ն հանդիսանալ ասենք` ամուսիններից մեկի աշխատանք կորցնելը, հոգեսեքսուալլ անհամատեղելիությունը, իրար հասկանալու բացակայությունը: «Հիմարություն է այն ենթադրությունը, թե սոցիալական վատ վիճակը բերում է ամուսնալուծության, հարուստներն ավելի շատ են ամուսնալուծվում, գուցե ոչ ԶԱԳՍ-ով, բայց օրինակ քնում են տարբեր սենյակներում: Իսկ դավաճանությունը բաժանության պատճառ չէ, այլ` առիթ, այն բավարարված չլինելու հետևանք է»,-վստահեցնում է հոգեբանը:
Թե ինչ հետևանքներ, պատճառներ կամ առիթներ են պետք ամուսնալուծված զույգերին, դա հավանաբար անհատական է, ուստի, երևի թե հոգեբանի մոտ ծանր դեպրեսիայով չլինելու, ԶԱԳՍ-ով չբաժանվելու ու սոց. հարցումների ընթացքում գլխավոր դերում չհայտնվելու համար` հավանաբար պետք է փոքր-ինչ կշռադատել ու հասկանալ միմյանց: