Կազիմիրով. Շեշտը պետք է դրվի պատերազմի անթույլատրելիության վրա

10

«Ղարաբաղյան հակամարտության այլընտրանքային ուղիները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի համատեքստում» թեմայով զեկույց է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին (1992-1996) ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկա» միջազգային ֆորումի ընթացքում: Հայտնում է Regnum-ը:

Կազիմիրովը մասնավորապես նշել է.

«Պաշտոնատար անձինք և քաղաքագետները, և հատկապես Բաքվում, արդեն երկար տարիներ կանխագուշակում են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը: Խաղաղ կարգավորման 20-ամյա ջանքերը դեռ արդյունք չեն տվել, ինչի հետևանքով հակամարտությունը շարունակում է Հարավային Կովկասում մնալ որպես վտանգավոր օջախ:

Հայտնի է, որ ձգձգվող և քիչ արդյունավետ բանակցությունների և կողմերի՝ միմյանց բացառող դիրքորոշումների գլխավոր պատճառներից մեկը փոխադարձ խոր անվստահությունն է, որը խորանում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությամբ:

Չնայած իր բոլոր վիթխարի ծախսերին և հզորության մասին հայտարություններին՝ Բաքուն բավական հիմքեր ունի կասկածելու հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու հնարավոր ելքի վրա:

Բաքվի գլխավոր քարոզչական հաղթաթուղթը՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների օկուպացիան», հեշտությամբ հերքվում է նրանով, որ շրջանը շրջանի հետևից կորցնելով՝ հենց Ադրբեջանը 1991-1994 թվականներին չի ցանկացել դադարեցնել պատերազմը: Այնպես որ Բաքվի ռազմատենչ կամպանիան հանդիսանում է խաբկանք սեփական ժողովրդի հանդեպ:

ԵԱՀԿ-ն, որին կողմերը վստահել են հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրները կարող են և պետք է կոշտ դիրքորոշում որդեգրեն նրանց նկատմամբ, ովքեր չեն բացառում խնդրի ուժային լուծումը, քանի որ դա արմատապես խաթարում է խաղաղապահ առաքելությունը: Շեշտը պետք է դրվի պատերազմի անթույլատրելիության վրա:

Մադրիդյան սկզբունքների քննարկումը մինչ օրս ընթացել է ընդմիջումներով՝ առանց առանցքային խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու: Բանակցությունները պետք է հստակ տարանջատեն երկու ուղղության՝ առաջնահերթությունը տալով խաղաղության ու պատերազմի խնդիրներին:

Յուրաքանչյուր մակարդակով յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առաջին հերթին պետք է քննարկել զինադադարի ու վստահության միջոցների ամրագրման հարցը և հետո նոր անցնել երկրորդ ուղղությանը՝ մնացյալ հարցերին:

Հաճախ ասում են, թե ռազմական գործողությունները կարող են սկսվել ակամա՝ շփման գծի մարտական միջադեպերի ինքնաբուխ զարգացման հետևանքով: Սրա հետ կապված՝ 1995 թվականի փետրվարի 4-ին երեք կողմերը (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) կնքել են հրադադարի ռեժիմի ամրագրման համաձայնագիր: Բաքուն չի ցանկանում կատարել այդ համաձայնագրի պայմանները և անգամ հիշատակել այն, թեև այն կնքվել է Հեյդար Ալիևի անձնական մասնակցությամբ:

Համաձայնագրից դժգոհ քաղաքակիրթ պետությունը կարող է առաջարկել վերանայել այն, փոփոխել, հավելել և վերջապես չեղյալ հայտարարել, մինչդեռ Ադրբեջանը պարզապես անտեսում է այն: Բաքվի մի շարք քաղաքագետներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի անարդյունավետության պատրվակով առաջարկում են, որ հարցի կարգավորմամբ զբաղվի ՄԱԿ ԱԽ-ը:

Սակայն պետք չէ մոռանալ, որ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի չիրագործման մեղավորն առաջին հերթին Ադրբեջանն է, ով չի ցանկացել դադարեցնել ռազմական գործողությունները: Ոչ վաղ անցյալում Իլհամ Ալիևը շատ կարևոր խոսքեր ասաց. «Մի շարք դեպքերում ՄԱԿ ԱԽ-ն որոշումներ է ընդունում, և մի քանի ժամ անց դրանք սկսում են իրագործվել: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա այդ անարդարությունը շարունակվում է արդեն 20 տարի»:

Այստեղ Ալիևը «մոռացել» է, որ Ադրբեջանը պետք է կատարեր ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի գլխավոր պահանջները, այսինքն կրակը դադարեցներ «մի քանի ժամ անց», մինչդեռ նա դա արել է միայն մեկ տարի անց, այն էլ հարկադրաբար, երբ ռազմաճակատի գիծը բավական առաջ էր շարժվել դեպի արևելք: Արդյունքում, Բաքուն չի կատարել այդ պահանջներից և ոչ մեկը:

Բաքուն ոչինչ չի ցանկանում լսել ուժի չկիրառման համաձայնագրի կնքման մասին, իսկ դա ամենակարճ ուղին է դեպի խաղաղություն: Բանակցությունների վերաբերյալ տարբեր առաջարկներում կան նաև անհեթեթություններ: Օրինակ, առանց «հիմնարար սկզբունքների» համաձայնության բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ:

Անհամոզիչ են նաև Լեռնային Ղարաբաղի «երկու համայնքների» երկխոսություն կազմակերպելու Բաքվի արտաքնապես գրավիչ փորձերը: Ղարաբաղի հայերին դիմակայել է Ադրբեջանի ողջ ուժը և ոչ թե նրա միայն համայնքը բուն Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ զբաղեցնի բանակցային մեծ սեղանի շուրջ:

Ժամանակն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան խաղաղությունը հարկադրելու կուրս որդեգրեն: Ընդ որում, անհրաժեշտ է դա անել ավելի շուտ, քան արկածախնդիրները պատերազմը սկսելու ռիսկի կդիմեն»: