Ընտրությունները մարդկանց տունը քանդեց

26

«Ով ինչ անի, իրեն կանի» հայտնի արտահայտություն, չգիտեմ ուրիշ երկրներ ունեն թե ոչ, բայց մեզ մոտ այն առավել արդիական է դառնում հատկապես ընտրություններից ընտրություններ, այն էլ` երկկողմանի: Մի կողմից քաղաքական ուժերը ոսկի սարեր խոստանալով փորձում են առավել լավացնել իրենց դիրքն ու շահը, մյուս կողմից մարդիկ հավատում են, և կրկին հայտնվում կոտրած տաշտակի առաջ: Այն, որ քաղաքական ուժեր կան ձևավորված` լավ, թե վատ, դա արդեն այլ խնդիր է, այն, որ տարբեր քաղաքական կուսակցություններն ամեն գնով ցանկանում են լինել առաջատար, դա ևս նորմալ է, ավելին` տրամաբանական: Բայց այն, որ երկար տարիներ իրար կողքի ապրող հարևաններն այլևս չեն խոսում միյանց հետ` մեկը ՀԱԿ-ին, մյուսը ՀՀԿ-ին ընտրելու համար, դա ոչ միայն տրամաբանության ոչ մի սահման չի ճանաչում, այլև` ծիծաղելի է: Իսկ այս զավեշտը որոշ դեպքերում կարող է վերածվել ողբերգության. մարդիկ անտուն են մնացել միայն նրա համար, որ ՀՀԿ-ական են. «Ամուսինս ՀՀԿ-ական է, բայց ոչ թե շտաբի ղեկավար այլ, սովորական, ուղղակի ընկերները ՀՀԿ-ական են, ինքն էլ է անդամագրվել այդ կուսակցության շարքերում, երբ սկեսրայրս իմացավ, մեզ տանից հանեց, հիմա ես, ամուսինս ու երկու աղջիկներս գնացել ենք ծնողներիս տուն: Սկեսրայրս ԲՀԿ-ական է»,-ասում է 30 ամյա Լալան, ով ապրում էր Մալաթիա Սեբաստիա համայնքում: Իսկ Արաբկիր համայնքում 2 եղբայր` կրկին իշխանական և ընդդիմական թևերի բաժանվելու համար, միմյանց մի լավ ծեծել են. «Տղաներս միշտ հաշտ են ապրել, էս ընտրությունները տունս քանդեց, ընտանիքս մասնատեց: Չգիտեմ ինչ անեմ: Տո հանրապետականն էլ, ԲՀԿ-ն էլ, ԳՀԿ-ն էլ, մնացածն էլ վրադիր, գնան- կորեն պրծնենք, էս գործ չէ, դառել ենք ղեկավարության տիկնիկները: Ոչ մեկն էլ մի բան չի, սաղն էլ իրենց փորի համար են մտածում»,- շատ անհանգստացած որդիների վեճից ասում է տիկին Ռոմելլան: Փաստ է, որ մարդիկ չգիտես՝ ինչու հավատում են, որ իրենք են երկրի տերն ու տիրականը, որ իրենք, եթե ընտրեն այսինչ կուսակցությանը, ապա այդուհետ լավ են ապրելու, որ իրենց համակրած կուսակցությունից այն կողմ բոլորը ստում են: «Ես, օրինակ, Ժառանգության անդամ եմ, ու չեմ թողնելու, որ մեր տանից մեկը ուրիշի ընտրի, եթե չուզեն էլ պիտի ստիպեմ, իմ ասելով պիտի լինի»,-ասում է էրեբունի վարչական շրջանի բնակիչ Գրիշա Սարդարյանը:

Ինչ է ստացվում, որ քաղաքական ուժերը հասա՞ն իրենց նպատակին և քաղաքացիներին դարձրին իրենց հպատակնե՞րը: Այսքանից հետո հարց է առաջանում, մի՞թե ժողովրդի տառապանքը փորձ չունի: Երկար տարիներ թեժ ընտրապայքարից դուրս եկածները ինչ-որ ժամանակ եղել են իշխանություն, կամ գոնե ունեցել են հնարավորություն` մարդկանց այս կամ այն կերպ աջակցելու համար, բայց չեն արել: Իսկ հիմա մարդկանց հավատցնում են, թե այսուհետ ամեն ինչ անելու են, ամեն գնով հասնելու են այն կետին, որ հասարակ քաղաքացիներին ապահովեն բարեկեցիկ պայմաններո՞վ: Եվ այդ ամենի համար շատերը նրանց քարկոծում են ու հիասթափություն ապրում: Իսկ քաղաքացիների մի մասն էլ ինքնամոռաց հավատում է, որ ընտրությունների հաջորդ օրվանից իսկ` «լավ են ապրելու»` մոռանալով նախորդ տարիների իրենց փորձը: Ուստի մեր լրատվականը, եզրակացություններն ու որոշումները թողնելով յուրաքանչյուրին, միայն հիշեցնում է` ամեն ընտրությունից առաջ լինում են ընտրախոստումներ, դրանք գնում են, իսկ հարազատները մնում են: Նաև մնում են նույն պայմանները` հնարավոր է մի քիչ էլ վատացած: