Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Սաֆարովի գործի վերաբերյալ

22

Եվրոպական Խորհրդարանը սեպտեմբերի 13-ին հրապարակել է ընդունված որոշումը` «Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ, Ռամիլ Սաֆարովի գործը»: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից: Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Եվրոպական խորհրդարանը`

– նկատի ունենալով Արդբեջանում իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, մասնավորապես նրանք, որոնք առնչվում են մարդու իրավունքներին,
– նկատի ունենալով արտահանձնման վերաբերյալ միջազգային իրավունքի գոյություն ունեցող պրակտիկան, մասնավորապես` Դատարպարտված անձանց արտահանձնման մասին կոնվենցիան, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել զարգացնելու համագործակցությունը արդարադատության և դատապարտված անձանց սոցիալական վերականգման նպատակներին հասնելու համար` հնարավորություն տալով նրանց պատիժը կրել իրենց սեփական հասարակությունում,
– նկատի ունենալով պրն. Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2012թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը,
– նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի 2012թ. սեպտեմբերի 4-ի հայտարարությունը,
– նկատի ունենալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու վերաբերյալ Նախագահ Մարտին Շուլցի 2012թ. սեպտեմբերի 5-ի հայտարարությունը,
– նկատի ունենալով 2012թ. օգոստոսի 15-ի Ադրբեջանի արդարադատության նախարարի տեղակալ Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակը ուղղված Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարությանը,
– նկատի ունենալով ԵՄ-Ադրբեջան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ 2012թ. ապրիլի 18-ին ընդունված բանաձևը,
– նկատի ունենալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի 2012թ. սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը, որով նա վստահեցնում է, որ Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան,
– նկատի ունենալով Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ., և նոր ասոցացման համաձայնագրի վերաբերյալ երկու կողմերի միջև ընթացող բանակցությունները, որը փոխարինելու է նախորդին,
– նկատի ունենալով կանոնակարգի 122 (5) և 110 (4) կետերը,

A. հաշվի առնելով, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ազատազրկվել է 2004թ.-ից` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացի ժամանակ hայաստանցի գործընկերոջը դաժանաբար սպանելուց հետո; հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովը իրեն մեղավոր է ճանաչել և չի զղջացել` պաշտպանելով իր արարքը այն հիմքով, որ զոհը հայ էր;
B. հաշվի առնելով, որ 2012թ. օգոստոսի 31-ին Ռ. Սաֆարովը` Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ, որը մարդասպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում, տեղափոխվել է Ադրբեջան` ադրբեջանական իշխանությունների երկարատև խնդրանքի հիման վրա;
C. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի` Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը ներում է շնորհել նրան` Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը և Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի 12-րդ հոդված համապատախան;
D. հաշվի առնելով, որ Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի, որի ստորագրող կողմեր են և Հունգարիան, և Ադրբեջանը, 9-րդ հոդվածի համաձայն` մեկ պետության տարածքում դատապարտված անձը կարող է արտահանձնվել մյուս պետության տարածքում իր պատիժը կրելու համար, պայմանով, որ կոնվենցիայի դրույթները պահպանվում են,
E. հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիլայաթ Զահիրովը 2012թ. օգոստոսի 15-ին պաշտոնական նամակ է ուղարկել Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարություն, որում նշվում է, որ պատժի մնացած մասը Ադրբեջանի Հանրապետությունում կրելու նպատակով դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ օտար պետությունների դատարաների որոշումների կատարումը իրականացվում է կոնվենցիայի 9(1)(a) հոդվածի համաձայն` առանց դատավճռի փոփոխության; հաշվի առնելով, որ նա տվել է հավելյալ երաշխիք, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ցմահ բանտարկված դատապարտյալի պատիժը կարող է փոխվել ազատազրկման կոնկրետ ժամանակահատվածի միայն դատարանի որոշմամբ, և որ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամ ազատ արձակվել միայն պատիժը նվազագույնը 25 տարի կրելուց հետո; և հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի ուշ հերքել են, որ հունգարական իշխանություններին որևէ դիվանագիտական երաշխիքները են տվել;
F. հաշվի առնելով, որ լեյտենանտ Սաֆարովը փառավոր ընդունելության է արժանցել Ադրբեջանում և իր վերադարձից մի քանի ժամ անց նախագահի կողմից ներում է ստացել, ազատ արձակվել և հրապարակային հանդիսության ժամանակ մայորի կոչում ստացել;
G. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի ազատ արձակելու որոշումը առաջացրել է դժգոհության և դատապարտման լայն միջազգային արձագանք;
H. հաշվի առնելով, որ 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դադարեցնում է դիվանգիտական հարաբերությունները Հունգարիայի հետ;
I. հաշվի առնելով, որ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, Եվրանեսթի հիմնադիր անդամ է և պարտավորություններ է վերցրել հարգելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, որոնք այս նախաձեռնությունների առանցքային արժեքներն են;
J. հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է 2012-2013թթ. համար և պարտավորություն ունի պահպանելու ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում տեղ գտած արժեքները;
K. հաշվի առնելով, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային պայմանագրերի, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի կողմ է,

1. ընդգծում է օրենքի գերակայության և ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը,
2. դատապարտում է Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին` ԵՄ անդամ պետության դատարանի կողմից դատապարտված մարդասպանին, ներում շնորհելու որոշումը; այդ որոշումը համարում է քայլ, որը կարող է նպաստել երկու երկրների միջև լարվածության աճին, և որը սրում է անարդարության զգացումը և խորացնում է երկու երկրների միջև անջրպետը, և էլ ավելի մտահոգված է, որ այս գործողությունը վտանգում է համապատասխան հասարակություններում խաղաղ հաշտեցման բոլոր գործընթացները և կարող է խարխլել տարածաշրջանում միջմարդկային խաղաղ շփումների հնարավոր ապագա զարգացումը;
3. համարում է, որ թեպետև Ռ. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը համահունչ է Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, այն հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը բանակցվել է մեկ պետության տարածքում դատապարտված անձանց մեկ այլ պետության տարածքում պատժի մնացած մասը կրելու համար արտահանձնման հնարավորություն տալու համար;
4. համարում է, որ պրն. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը որպես Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա արտահանձում կատարելու Ադրբեջանի դիմումով հունգարական իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքների խախտում է;
5. դատապարտում է Ադրբեջանում Ռ. Սաֆարովին որպես հերոս ընդունելը և նրան մայորի կոչում և ժամանելուն պես նախորդ 8 տարիների աշխատավարձ տալու որոշումները, և մտահգոված է այն հանգամանքով, թե ինչպիսի օրինակ է լինելու սա ապագա սերունդների համար, և նաև այն բանով, թե ինչպիսի խրախուսման և ընդունելության նա արժանացավ Ադրբեջանի պետության կողմից;
6. տեսակետ է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի որևէ էական առաջընթացի բացակայության պատճառով Ադրբեջանի և Հայաստանի հիասթափությունը չի կարող արդարացնել ոչ վրեժխնդրության գործողությունները, ոչ էլ անտեղի սադրանքները, որոնք հավելյալ լարվածություն են հաղորդում արդեն իսկ լարված և փխրուն իրավիճակին;
7. իր աջակցությունն է հայտնում Եվրոպական արտաքին գործերի ծառայության, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և ԵՄ անդամ երկրների ընթացիկ ջանքերին ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը;
8. աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացում էական առաջընթաց ապահովելուն` նպատակ ունենալով հասնել տևական և համապարփակ կարգավորման` միջազգային իրավունքին համապատասխան;
9. պնդում է, որ ԵՄ պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` աջակցելով վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը, որոնք իրար կմոտեցնեն հայկական և ադրբեջանական համայանքներին և կտարածեն խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարները բոլոր կողմերի միջև;
10. վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ և Ադրբեջանի միջև ներկայումս բանակցվող ասոցացման համաձայնագիրը պետք է ներառի մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման և օրենքի գերակայության վերաբերյալ դրույթներ և չափանիշներ;
11. դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերը և ահաբեկչության սպառնալիքների կիրառումը;
12. հանձնարարում է իր նախագահին այս բանաձևը փոխանցել Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը, Հանձնաժողովին, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարություններին և խորհրդարաններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների ու հակաահաբեկչության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին»: