Ուշագրավ բացահայտում. ՍԴ աշխատակազմի ղեկավարը հովանավորել է Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի յուրացումները

11/07/2020 22:33

Ուշագրավ բացահայտում. ՍԴ աշխատակազմի ղեկավարը հովանավորել է Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի յուրացումները
1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն հաղորդել էինք, հուլիսի 3-ին ՀՀ ոստիկանության սպաները՝ հիմք ընդունելով 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, արգելել էին Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամ Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան, իսկ տվյալ լուրը հաստատել էր թե ինքը Նազարյանը, թե ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էդգար Ղազարյանը: Այս կազուսային ու անգամ զավեշտալի իրավիճակն իր հերթին բավական մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց, սակայն ավելի հետաքրքիր կլիներ եթե Նազարյանը և Ղազարյանն իրենց հարցազրույցներում պատմեին թե ինչու է Սահմանադրական դատարանի արդեն նախկին, պաշտոնաթող անդամը աշխատանքային օրվա ընթացքում փորձում մուտք գործել պետական վերահսկվող տարածք:

Այսպես, ըստ մեր աղբյուրների և ստացված տեղեկատվության, հուլիսի 3-ին Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Հրանտ Նազարյանի «այցի» իրական նպատակն է եղել Սահմանադրական դատարանի հաշվապահությունից իրեն սպասարկող 005os01 պետական համարանիշով «Hyundai Elantra» ծառայողական ավտոմեքենայի համար հուլիս ամսվա համար շուրջ 240 լիտր վառելիքի կտրոնների ստացումը: Հատկանշական է, որ փաստացի, ՀՀ ոստիկանության սպաների կազմակերպված աշխատանքի շնորհիվ տեղում կասեցվել է ոչ միայն պաշտոնաթող ՍԴ անդամի ապօրինի մուտքը պետական վերահսկողության տակ գտնվող վարչական տարածք, այլ նաև մեծ հաշվով կասեցվել է առերևույթ հանցագործություն: Ինքը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էդգար Ղազարյանը, միջադեպի ժամանակ և այդ ողջ աշխատանքային օրվա ընթացքում չի գտնվել ՍԴ տարածքում և աշխատել է հեռավար (Ջերմուկում էր): Ավելին, ՍԴ նախկին անդամ Հրանտ Նազարյանն անգամ տեղում փորձ է կատարել կապ հաստատել թե Ղազարյանի հետ, թե ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ պահանջելով վառելիքի կտրոնները դուրս բերել ՍԴ շենքից և տրամադրել իրեն: Մեր աղբյուները նաև մանրամասնում են, որ դեռ հուլիսի 1-2-ի ընթացքում ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիարժեք իմացությամբ և ըստ էության համաձայնության պայմաններում 240 լիտր վառելիքի կտրոններ են տրամադրվել ՍԴ պաշտոնաթող անդամներ տիկին Ալվինա Գյուլումյանին և պարոն Ֆելիքս Թոխյանին սպասարկող ծառայողական մեքենաների վարորդներից յուրաքաչյուրին:

Նշենք, որ ըստ գոյություն ունեցող կարգի ՍԴ դատավորներին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի ցանկը և դրա բաշխումը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաստատում է հենց ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Նման պայմաններում, կարևոր է Ղազարյանի շարժառիթը նման բաշխում կատարելու, այն պարագայում երբ նա պետք է ձեռնարկեր լրիվ հակառակ գործողություններ՝ ՍԴ հիշյալ անդամների պաշտոնավարման դադարման փաստով պայմանավորված այդ մեքենաները չպետք է սպասարկեին որևէ մեկին և ըստ էության պետք է կայանված լինեն ՍԴ ավտոտնտեսությունում:

Պարզվում է՝ բանը միայն վառելիքով չի ավարտվել և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ստորագրված և հաստատված մեկ այլ փաստաթղթով՝ այս տարվա հունիս ամսվա ՍԴ հաճախումների ցանկի համաձայն ՍԴ նախկին անդամներ տիկին Ալվինա Գյուլումյանին, պարոն Հրանտ Նազարյանին և պարոն Ֆելիքս Թոխյանին պետական բյուջեից տրամադրվել է աշխատավարձ նաև ս.թ.-ի հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածի համար՝ ընդհանուր առմամբ 4 աշխատանքային օրվա համար, այն դեպքում, երբ այդ օրերին Սահմանադրության ուժով նշված անձանց լիազորություններն արդեն դադարեցված են եղել, ինչը դեռ հունիսի 26-ից բազմիցս վկայոկոչվում էր քաղաքական իշխանության, խորհրդարանական մեծամասնության, փաստաբանական համույթի ու քաղաքացիական հասարակության կողմից, իսկ ըստ էության, արդեն հուլիսի 8-ի երեկոյան նշված անձանց լիազորությունների դադարեցումը միանշանակորեն արձանագրեց, փաստեց և հաստատեց նաև ՄԻԵԴ-ը իր տարածված հայտարարությամբ և միջանկյալ միջոցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշմամբ:

Մեր աղբյուրները նաև փաստում են, որ Ղազարյանի կողմից մինչ այս պահը չի ձեռնարկվել որևէ միջոց Սահմանադրության ուժով լիազորությունները դադարած ՍԴ անդամների համար ֆինանսական վերջնահաշվարկ կազմակերպելու ուղղությամբ, նրանց «հաճախումները» և աշխատանքային օրերը դեռ հաշվարկվում են, չեն առգրավվել և ԱԳՆ վերադարձվել պաշտոնաթող ՍԴ դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայի Թովմասյանի ընտանիքի անդամներին տրված դիվանագիտական անձնագրերը, իսկ ՍԴ պաշտոնաթող անդամները շարունակում են ազատորեն օգտագործել ծառայողական մեքենաներն իրենց անձնական նպատակներով, ավելին՝ ՍԴ պաշտոնաթող անդամներից երկուսը անգամ չեն վերադարձրել իրենց ամրակցված ծառայողական զենքը, դեռ ավելին՝ ըստ Ղազարյանի կողմից տրված մի շարք հարցազրույցների՝ տվյալ խմբակի պաշտոնավարումը շարունակվում է, այն օրինական է և սահմանադրական:

Ստացվում է այնպես, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայումս զբաղեցնող Էդգար Ղազարյանի համար, ով նախկինում հանդիսացել է ՀՀԿ քաղաքական ավանգարդի վառ ներկայացուցիչ, ուժի մեջ չեն մտել 26.06.2020 թվականի ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները և դրանցով նախատեսված կարգավորումները, ինչի մասին վերջին 2 շաբաթվա ընթացքում նա հրապարակավ նշել է տարբեր հարցազրույցներում՝ առ այն, որ Հրայր Թովմասյանը հանդիսանում է ՍԴ նախագահ և նրան այս պահին փոխարինում է Ալվինա Գյուլումյանը: Իհարկե, մասնագիտությամբ անգամ իրավաբան չհանդիսացող ՍԴ աշխատակազմի ղեկավարը չէ, որ պետք է իր իրականությունից կտրված պատկերացումներով որոշի բարձրագույն իրավական ուժ ունեցող Սահմանադրության ուժի մեջ մտնելու կամ չմտնելու հարցը, առավել ևս նա չէ, որ պետք է փաստի ու արձանագրի ՍԴ անդամների լիազորությունների դադարումը կամ շարունակումը: Անկախ իր ունեցած քաղաքական հայացքներից, սակայն, մեկ բան ակներև և հստակ է՝ որպես բարձրաստիճան պետական պաշտոնյա և պաշտոնատար անձ Էդգար Ղազարյանը պարտավոր է ենթարկվել Սահմանդրության պահանջներին և հստակորեն կատարել դրանք իր լիազորությունների շրջանակներում: Այս ամբարտավական պաշտոնյայի վերոնշյալ գործողությունները, որպես ՍԴ աշխատակազմի ղեկավար ծառայողական պարտականությունները ակնհայտորեն չկատարելը և պետական միջոցների առնվազն վատնումը (իսկ ավելի ստույգ յուրացմանն օժանդակությունը), ինչն ամենայն հավանականությամբ կատարվում է դիտավորությամբ և ՍԴ նախկին նախագահի ցուցում-հանձնարարությամբ, Ղազարյանի կողմից նախկինում և այսօր արված բազում քաղաքականացված հայտարարությունները և հարցազրույցները, Ֆեյսբուքյան տխրահռչակ քստմնելի գրառումները և վերը թվարկված գործողությունները ոչ միայն զազրելի ու կշտամբելի են զուտ մարդկային մակարդակում, այլ նաև ուղղակիորեն վերազանցում են իր լիազորությունների շրջանակը, էական վնաս են պատճառում հասարակության, հարկատուների ու պետության օրինական շահերին և ծանր հետևանքներ են առաջացնում ոչ միայն ՍԴ հեղինակության համար, այլ ընդհանուր դատական իշխանության հանդեպ հանրային վստահության իմաստով:

Նշենք, որ Էդգար Ղազարյանը ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2019 թվականի հունվարի 14-ին, իսկ մինչ այդ հանդիսացել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետ (2012-2014 թթ.), ապա 2014-2018 թվականներին Սերժ Սարգսյանի հրամանով Ղազարյանը զբաղեցրել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, և այդ պաշտոնից հետ է կանչվել 2018 թվականի նոյեմբերին: Ղազարյանը տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության ակտիվ անդամներից մեկը և հատկանշական է, որ ըստ առկա տեղեկությունների և Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների վկայությունների, երբ 2018 թ.-ի ապրիլին Վարշավայի հայերը դեսպանատան մոտ են եկել եռագույն դրոշներով ու պաստառներով Ղազարյանը դեսպանատան տարածքի մոտ էր հրավիրել լեհական ոստիկանական խումբ և պահանջել ցրել հայ համայնքի օրինական և խաղաղ հավաքը: ՍԴ-ում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակումից ի վեր Ղազարյանը մի քանի անգամ աչքի է ընկել իր քաղաքականացված կեցվածքով, հայտարարություններով և քաղաքական Ֆեյսբուքյան գրառումներով, մասնավորապես ապօրինի որակելով 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն և կոչ անելով քաղաքացիներին չմասնակցել դրան:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `