Քանի զինծառայողի մահացության դեպք է գրանցվել 2019-ին և արդյոք դեպքերը նվազել են

13/01/2020 21:32

Քանի զինծառայողի մահացության դեպք է գրանցվել 2019-ին և արդյոք դեպքերը նվազել են

2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրական եւ նկարագրական տվյալները հավաքագրում է 2010 թվականից: Մահացության դեպքերը զինված ուժերում տարբերակվում են ըստ երկու մեծ ենթախմբերի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եւ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ մենք դիտարկում ենք որպես զինված ուժերի կորուստ, քանի որ բոլոր զինծառայողներն ընդգրկվում են զինված ուժերի թվաքանակում: Ավելին՝ այն դեպքերը, երբ զինծառայողը մահանում է ավտովթարի կամ, ինչպես որոշ դեպքերում է նշվում, ինքնասպանություն գործելու միջոցով՝ տանը, դրանք նույնպես համարում ենք զինված ուժերի մարդկային կորուստ, քանի որ միայն նախաքննությունը կարող է վերջնական եզրակացություն տալ, թե արդյոք զինվորական ծառայությունից դուրս մահվան դեպքը պայմանավորված է զինծառայության հետ կապված հանգամանքներով, թե՝ ոչ:

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաեւ 2011, 2013, 2014 թվականներին։

Այնուամենայնիվ, բացի վիճակագրական տվյալներից, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ զինված ուժերում թավշյա հեղափոխությունից հետո իրականացված փոփոխություններին:

Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որեւէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման եւ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ  քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, եւ մահվան դեպքերի պատճառների  վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձեւակերպված եւ չկատարված:
 
Հայտարարությունն ամբողջությամբ կցված է, որում ներառված են նաև վիճակագրական համեմատական տվյալներն՝ ըստ տարիների:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `