Վարչապետը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Թրամփին

04/07/2020 11:06

Վարչապետը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Թրամփին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի կողմից սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:

Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում:

Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխում­ների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության և ֆինանսական ու տեխնի­կա­կան աջակցության համար: Բարձր ենք գնահատում նաև այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարե­կա­մական հարաբերություն­ների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատ­ված ռազմավարական երկխոսության շրջանակում: Կարևոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկ­չության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավ­վածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Մենք այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարե­դարձը: Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդա­վարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատև զարգացման և առաջընթացի համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին` մաղթելով խաղաղություն, բարօրություն և շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»։
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `