Հին Արճեշի հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել

26/06/2020 22:12

Հին Արճեշի հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին, որը գտնվում է Հին Էրջիս (Արճեշ) քաղաքում, գանձագողերի թիրախ է դարձել: Եթե այն պահպանելու համար ոչ մի քայլ չձեռնարկվի, ևս մեկ մշակութային կոթող կարող է վերանալ:

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը գրում է, որ թուրք ակադեմիկոս Սեդաթ Ուլուգանը կոչ է արել պահպանել հայկական եկեղեցին:

Այսօր որոշ շրջանակների կողմից Չելեբիբաղը կոչվող Հին Արճեշը Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով 1841 թվականին անցել էր ջրի տակ: Հետագայում երաշտի հետևանքով քաղաքը կրկին ցամաք էր դուրս եկել:

Մինչ այսօր հիշատակվում է քաղաքի ամրոցի ներսում գտնվող շենքերի և պատմական մզկիթի մասին, սակայն եկեղեցու մասին ոչ ոք չի հիշատակում:

1655 թվականին այստեղ եկած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին ամրոցի մասին գրել է. «Սա անառիկ ամրոց է` տեղակայված ոչ այնքան բարձր բլրի վրա` Վանա լճի ափին: Ամրոցի ամեն քարը մի փղի մեծության է: Ամրոցը երկու դարպաս ունի, Ադիլջևազի դարպասներն ամենամեծն են: Ամրոցի ներսում հազարավոր տներ ու 200 խանութ կա: Բնակչության մի մասը քրիստոնյա է»:

Արճեշում Թարհան կոչվող հին հայկական մի ընտանիք է եղել: Ըստ ավանդույթի՝ այդ ընտանիքը գրեթե սուրբ է եղել իսլամական պետությունների համար` սկսած խալիֆ Ալիի ժամանակներից: Նշվում է, որ հայկական եկեղեցին ստեղծվել է հենց այդ տոհմի ներկայացուցիչ հայ հոգևորականների կողմից:

Այսօր արդեն եկեղեցին քանդվում է գանձագողերի կողմից, և եթե քայլեր չձեռնարկվեն, ևս մեկ պատմական կոթող կվերանա:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `