Թուրքերը կվերականգնեն հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը

25/06/2020 22:00

Թուրքերը կվերականգնեն հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը
Թուրքիան պատրաստվում է վերականգնել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը, գրում է Ermenihaber-ը։

Նա «Gazete Kars» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին՝ միայն հիմքերը մնացած կամուրջի վերանորոգման համար Թուրքիայի ցամաքային ճանապարհների Կարսի 18-րդ վարչությունը մրցույթ է կազմակերպում և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։

«Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծո կամքով ցամաքային ճանապարհների գլխավոր վարչությունը Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերկառուցի այնպես, ինչպես վերաշինել են մյուս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կմեկնարկեն»,- ասել է թուրք պատգամավորը։

Պատգամավորը, սակայն, կամուրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել, հատկապես այն հարցում, թե արդյոք Հայաստանի հետ որևէ համաձայնություն ձեռք բերվել է այդ հարցում, քանի որ կամուրջի 2 հենարաններից (ոտքերից) մեկը գտնվում է Ախուրյանի՝ Հայաստանյան ափին։

Նշենք, որ Ախուրյան/Արփա գետի վրա գտնվող կամուրջը կառուցվել է Բագրատունյաց ժամանակաշրջանում (10-րդ կամ 11-րդ դդ․)։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ այն կառուցվել է 13-րդ դարում։ Կամուրջի մոտակայքում գտնված մակագրության մեջ նշված է, որ 14-րդ դարի սկզբին շինարարական աշխատանքներ են արվել կամրջի շրջակայքում։

Կամրջի միակ կամարը (30 մետր) քանդվել է՝ թողնելով միայն բարձր կամարակալերը, որոնք պետք է որ պարսպի մի մասը լինեն։ 19-րդ դարի ճանապարհորդները տեղեկացնում են, որ կամրջի մոտ եղել է պահակատուն, բայց այն ներկայում անհետացել է։

Որոշ աղբյուրներ նշում են, որ գետի վրա եղել է երկրորդ կամուրջ՝ Կուսանաց հրվանդանից ներքև։ Դրանից գրեթե բան չի մնացել։

Կուսանաց վանքը շրջապատող պարիսպը երկար և ընդարձակ փակ սանդուղք է՝ կամարաձև տանիքով, որը մասնակի փորված է բնական ժայռի մեջ։

Այն ուղղվում է դեպի Ախուրյան գետ (և ոչ թե դեպի վանքը, ինչպես հաղորդվում է որոշ գրքերում) և հավանաբար ներառել է ճանապարհ դեպի կամուրջը։


 
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `