Եթե հրապարակի 17-18-րդ դարերի շինությունները բացեն, պատերի մի մասը կքանդվի. հնագետ

12/01/2020 20:33

Եթե հրապարակի 17-18-րդ դարերի շինությունները բացեն, պատերի մի մասը կքանդվի. հնագետ

2003 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը և Աղավնի Ժամկոչյանը պեղումներ են կատարել ստորգետնյա հնավայրում։ Գրում է 168.am-ը:

Ըստ Ֆրինա Բաբայանի՝ այդ տարածքը մեծ արժեք է ներկայացնում, որը ժամանակին բացեցին, սակայն հետո աղբով փակեցին։

«Այն ժամանակվա Կառավարությունը թույլ չտվեց, որ այն դարձնեն թանգարան։ Մերժման հիմքը հետևյալն էր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի առթիվ՝ ՀՀ անկախության օրը, այդ տարածքում շքերթ պետք է անցկացվի, ու պետք է մոզաիկա անել։ Մոզաիկա արեցին, ու անհամ բան ստացվեց։ Մեր պեղած հուշարձանը փակեցին ու ասֆալտապատեցին։ Այո, կողմ եմ, որ այն բացեն, այնտեղ շինությունները բացվել են 4 մետր բարձրությամբ, ճիշտ է, դրանց մի մասը քանդված էին, մյուսները՝ ոչ»,- ասաց Ֆրինա Բաբայանը։

Հնագետի խոսքով՝ այսօր հնավայրի բացումը, պեղումներ անցկացնելը և թանգարան դարձնելը կրկնակի ծախսեր է պահանջում, սակայն կողմ է, որ այդ ծրագիրն իրականություն դառնա։

«Այդ տարածքում մեր 17-18-րդ դարերի բնակելի շինությունների մնացորդներն են՝ շենքերի նկուղները, տները քանդվել են 1679 թվականի երկրաշարժի հետևանքով։ Եթե չեմ սխալվում, ստորգետնյա ամբողջ տարածքը 400 քմ է։ Նախ՝ այդ հնավայրը պետք է բացեն, տեսնեն, թե ինչ է պահպանվել, որից հետո պետք է խորհուրդ ստեղծվի՝ տարբեր հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի հասկանան, թե գործընթացն ինչպես է պետք կազմակերպել։ Հիմա հնավայրի բացումը շատ դժվար կլինի, քանի որ, եթե հիմա բացեն, ապա պատերի մի մասը կքանդվի, ամեն ինչ շատ զգուշորեն պետք է անեն։ Կրկնում եմ՝ նախ պետք է պեղեն, հետո որոշեն, թե ինչ են անելու»,- շեշտեց նա։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`