Անհեթեթ են այն պնդումները, թե ոստիկանի ցանկացած պահանջ օրինական է. սահմանադրագետ

06/06/2020 22:53

Անհեթեթ են այն պնդումները, թե ոստիկանի ցանկացած պահանջ օրինական է. սահմանադրագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված հանրային վերահսկողության, խախտումներ պատկերող լուսանկարների և տեսանյութերի և ոստիկանների գործողությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանի հետ։

— Վարչապետը, երբ խոսում է հանրային վերահսկողությունից, ասում է՝ արձանագրած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկեք իմ էջին կամ հրապարակեք ձեր սոցցանցի էջերում։ Այս դեպքում չե՞ն խախտվում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթները:

-Նախ, խոսելով անձնական տվյալների պաշտպանության մասին՝ պետք է անդրադառնանք դրա իրավական կողմին: Հարկ է նշել, որ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքը, ինչպես նաև անձնական տվյալները պաշտպանված են առաջին հերթին ՀՀ Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներով:

Տվյալ դեպքում, երբ հրապարակվում են անձանց նկարներ, ապա գործ ունենք ոչ թե անձնական տվյալների, այլ մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության խախտման հետ, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, որի համաձայն.

«Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել ՄԻԱՅՆ օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Սակայն այս իրավահարաբերությունների մասին խոսելիս յուրաքանչյուր դեպք պետք է քննել և դրանց անդրադառնալ առանձին՝ հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ։

—Անձնական տվյալների և այլ իրավունքների պաշտպանության խնդիր չե՞ք տեսնում, երբ հրապարակվում են մարդկանց կադրերը և հարյուրավոր մեկնաբանություններ են գրվում նրանց հասցեին, մեղմ ասած, կոպիտ և վիրավորական:

-ՀՀ Սահմանադրության 31-րղ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային որոշումների, «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և «Տեղեկատվական ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համապարփակ վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություններ կարող են հանրամատչելի դառնալ միայն նրա թույլտվությամբ:

Արդյոք «դիմակ չդնելը» հանրային շահ է կամ օրենսդիրի կողմից սահմանված հնարավորություն, որի հիման վրա մարդու անձնական կյանքը հանրայնացվի, իհարկե ոչ: Մանավանդ այն դեպքում, երբ ԱՀԿ-ն գրեթե ամեն շաբաթ հայտարարում է, որ դիմակ կրելը ոչնչից չի պաշտպանում:

Չնայած միայն ԱՀԿ-ն չէ, որ այդ մասին հայտարարում էր:

Փաստորեն մենք գործ ունենք մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ մասնավոր և կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտման հետ:

Վերոգրյալը իհարկե չի վերաբերում այն դեպքերին, երբ դրանք նախապես հասանելի են եղել որևէ սոցիալական կայքում: Այդ դեպքում անձը նախապես իր համաձայնությունն է տվել իր իսկ կյանքը հանրայնացնելու, երբ դրանք բեռնել է սոցիալական կայքերում:

Իսկ հեռախոսով կամ այլ տեխնիկական միջոցներով կատարված նկարների դեպքում, եթե նկարում պատկերված անձինք դրանք նախապես չէին տեղադրել իրենց էջերում, միանշանակ գործ ունենք հիմնարար իրավունքի ոտնահարման հետ, ինչի արդյունքում ավելի է սրվում հասարակության մեջ ատելության մթնոլորտը:

-Ոստիկանների մասնակցությամբ վերջին հայտնի միջադեպի մասին ի՞նչ կասեք. կոշտ գործողությունները նման դեպքերում իրավաչա՞փ են:

— Ոստիկանների մասնակցությամբ այդ կադրերը վառ վկայությունն են առ այն, որ ՀՀ ոստիկանությանը չի բարեփոխվել, մնացել է այն նույնը, ինչ կար նախկինում:

Կիրառված բռնությունը անհամաչափ էր, ինչը ակնհայտ էր. անձը, ում բերման էին ենթարկում, ձեռնաշղթայված էր, սակայն ոստիկանի ոտքը դեռ նրա մարմնին էր: Ի՞նչ համաչափության մասին է խոսքը:

Անհեթեթ են այն պնդումները, թե ոստիկանի ցանկացած պահանջ օրինական է, և դրան չենթարկվելու համար անձին կարող են բերման ենթարկել:
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `