Հայկական ձեռագրերի և մագաղաթների միակ վերականգնողը Թուրքիայում. Անկարայից Ավեդիսի պատմությունը

14/06/2020 18:57

Հայկական ձեռագրերի և մագաղաթների միակ վերականգնողը Թուրքիայում. Անկարայից Ավեդիսի պատմությունը
Անկարայում բնակվող Ավեդիս Այդընյանը զբաղվում է թղթի, մագաղաթե և ձեռագիր գրքերի մշակումով ու վերականգնմամբ, նա արդեն վերականգնել է հայկական ձեռագիր մի շարք պատմամշակութային գրքեր: Ավեդիսի աշխատանքին է անդրադարձել թուրքական Gazete Duvar պարբերականը:
 
Ավեդիսը տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Դադյան հայկական դպրոցում, ավարտել է նաև Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Եսայան հայկական քոլեջը: Պատմության և մշակույթի նկատմամբ նրա հետաքրքրությունը ծագել է հենց Եսայան քոլեջում սովորելու տարիներին: Այնուհետև նա հետևողականորեն գնացել է իր հոբիի ճանապարհով, այն դարձնելով մասնագիտություն` ավարտելով Ստամբուլի համալսարանի շարժական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ամբիոնը:

Չնայած որ նա ծնվել ու մեծացել է Անկարայում, նրա արմատները Ստամբուլից են, նրա նախնիների 3 սերունդ թանկարժեք իրերի վաճառքով է զբաղվել այնտեղ: Այսօր նա թանկարժեք իրերի խանութի մի հատվածը դարձրել է իր արհեստանոցը և զբաղվում է իր սիրելի գործով: Նա Թուրքիայում միակ մարդն է, որը կարողանում է վերականգնել հայկական դասական մագաղաթները: Նա վերականգնել է բազմաթիվ հայկական ձեռագիր գրքեր:

Այդընյանները Անկարայի և Ստամբուլի հայտնի հայ կաթոլիկ ընտանիքներից են: Նա շարունակում է պահպանել Անկարայի առանց այն էլ օր օրի նվազող հայերի մշակությաին ժառանգությունը:

Պարբերականի հետ զրույցում Ավեդիսը նշել է, որ առանց սիրո հնարավոր չէ կատարել այս աշխատանքը:

«Պատմության նկատմամբ իմ հետաքրքրությունը սկսվեց այն ժամանակ, երբ ավագ դպրոցում ծանոթացա մեր տոհմածառի հետ, իրերի մեջ գտա ընտանիքիս պատկանող 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարի կեսերի հայերեն այբուբենով թուրքերեն գրքեր: Այս արխիվը պաշտպանելու ձգտումը հիմք դարձավ մասնագիտանալու այս ոլորտում»,-ասել է Այդընյանը:

Ավեդիսը նշել է նաև, որ հայկական ձեռագրերն ու մագաղաթներն ունեն իրենց որոշակի առանձնահատկությունները, սակայն հիմնական գծերով դրանք նման են եվրոպականին: Նա արդեն շուրջ 250 գիրք է վերականգնել, որոնց զգալի մասը հայկական ձեռագրեր են եղել, զբաղվել է նաև իսլամական և թուրքական ձեռագրերի վերականգնմամբ, ամեն աշխատանքին մոտենալով յուրահատուկ պատասխանատվությամբ:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `